Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կորցրեց վաղեմի բարեկամի

Այսօր առավոտյան խոր ցավով տեղեկացանք, որ երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վաղեմի բարեկամ Թենգիզ Ֆեոդորի Ուռուշաձեն:

Նա Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի Միխեյիլ Սաբաշվիլիի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ինստիտուտի տնօրենը, Հողագիտության միջազգային միության պատվավոր անդամ: Եղել է նույն համալսարանի ռեկտորը (2005-2007 թթ.)։ Թենգիզ Ուռուշաձեն շուրջ 300 գիտական ​​աշխատությունների եւ ավելի քան 30 մենագրությունների ու դասագրքերի հեղինակ էր:

2003 թվականից մինչ օրս Վրաստանի «Ագրարային գիտության տարեգրություն» (“Annals of Agrarian Science”) հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիրն էր:

Որպես խմբագրական կոլեգիայի անդամ՝ շուրջ երկու տասնամյակ վաստակաշատ գիտնականը պատվախնդրությամբ էր վերաբերվում մեր համալսարանում հրատարակվող գիտական պարբերականի՝ իրեն վստահված հոդվածների գրախոսման գործընթացին: Ակադեմիկոս Ուռուշաձեն որքան բծախնդիր եւ անողոք էր գիտական բանավեճերում, նույնքան էլ նվիրված, հյուրընկալ, մեծահոգի գործընկեր էր, հարեւան եւ բարեկամ: Նրա այցելությունները Երեւան իսկական տոն էին դառնում մեր համալսարանականների համար:

Անհերքելի է Թենգիզ Ուռուշաձեի կորստի մեծությունը վրացական գիտական հանրության, նրա ընտանիքի, հարազատների համար: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրական կոլեգիան իրենց խորին ցավակցությունն են հայտնում: