Համալսարաններն են Արցախի ապագան․ ՇՏՀ ռեկտոր

Փետրվարի 10-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նորընտիր ռեկտոր Նվեր Միքայելյանին՝ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եւ տ.գ.դ, պրոֆ. Վաչե Թոքմաջյանի ուղեկցությամբ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը ՇՏՀ նախկին ռեկտորի ներկայությունը պատահական չէր. նա շարունակում է ըստ ամենայնի աջակցել հարազատ համալսարանին՝ թե որպես ՇՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ թե առհասարակ որպես մասնագետ, կրթական գործիչ եւ Արցախի նվիրյալ:

Ինքը՝ պարոն Միքայելյանը, արցախյան երեք պատերազմների մասնակից է, ռեկտորի պաշտոնը ստանձնելուց առաջ եղել է Քաղաքաշինության, ճարտարապետության եւ ջրային համակարգերի ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու է, դոցենտ։

Քննարկվեցին լավագույն ավանդույթներ ունեցող համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: Պարոն Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ Շուշիի տեխնոլոգիականի հետ տարիներ շարունակ հաջողությամբ գործակցելու, ցուցաբերած մասնագիտական օժանդակության համար: Նա պատմեց, որ վերջին պատերազմից եւ Շուշիի ժամանակավոր (ինչպես հավատում է ամեն մի հայ) անկումից եւ մի քանի շենք փոխելուց հետո ՇՏՀ-ն այժմ ունի իր մշտական նստավայրը: Վերադարձել է դասախոսների 90 եւ ուսանողների գրեթե 95 տոկոսը (ի դեպ, ուսանողների մոտ 90 տոկոսը մասնակցել է 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ցավոք՝ 54-ը չեն վերադարձել)։ Այս պահին համալսարանն ունի 1264 ուսանող։

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ապագա ունի´, ես տեսնում եմ այդ ապագան: Իսկ ընդհանրապես, Արցախի եւ ամբողջ Հայաստանի ապագան համալսարաններն են, կրթությունն ու գիտությունը։ Շուշիի տեխնոլոգիականն էլ իր ուրույն դերն ունի այդ գործում։ Այդ ապագան լինելու է տեխնոլոգիական, որը լավ են հասկանում ՇՏՀ-ում, մանավանդ՝ տեսնելով Ագրարային համալսարանի վերջին տարիների մեծ առաջընթացն ու մշտապես զգալով ձեր աջակցությունը»,- ասաց պարոն Միքայելյանը։

Ռեկտորները մտքեր փոխանակեցին ՇՏՀ զարգացման հեռանկարների, նոր ռեկտորի հետաքրքիր, խոստումնալից նախաձեռնությունների, առկա կոնկրետ կարիքների հիման վրա ՀԱԱՀ-ի հետագա աջակցության ուղղությունների վերաբերյալ։ Ռեկտոր Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել դասախոսական կազմի վերապատրաստումները, փորձել հնարավորինս օգտակար լինել համալսարանի վերակահավորման, նոր ենթակառույցների գործարկման հարցերում։ Կարեւոր ծրագրեր կան, մասնավորապես՝ արտադրական-լաբորատոր կարողությունների զարգացման, գիտության արդյունքների առեւտրայնացման, միջազգային համագործակցության ընդլայնման ուղղություններով, որոնց իրականացման հարցում, ինչպես արտահայտվեց պարոն Միքայելյանը, շուշեցիների «մեջքին կանգնած են» ԱՀ կառավարությունը, պարոն Թոքմաջյանը եւ Ագրարային համալսարանը։

Պարոն Ուռուտյանը հաճույքով ընդունեց ռեկտոր Միքայելյանի հրավերը՝ առաջիկայում Արցախ եւ ՇՏՀ այցելելու եւ, բաժանվելուց առաջ, արցախցի գործընկերոջը նվիրեց ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինին։