Այսօր՝ հուլիսի 8-ին կայացավ «Հայաստանում մսատու ոչխարաբուծության սեկտորի զարգացում՝ պարենային անվտանգության խնդիրը արդյունավետ լուծելու եւ արտահանման բազմազանեցման խթանման նպատակով» թեմայով քննարկում: Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագիծը, որի շրջանակում էր քննարկումը, ֆինանսավորվում է ԵՄ եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Նախագծի ներկայացվող բաղադրիչը իրականացնում է ՄԱԿ-ի ԶԾ-ի հայաստանյան գրասենյակը:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմելով ներկաներին նկատեց, որ Ագրարայինը արմատական բարեփոխման աշխատանքներ է իրականացնում: Բուհը ընդլայնում է համագործակցության սահմաններն ու որակը. «Պարենային ապահովվածության եւ անվտանգության հարցերում մենք շատ անելիքներ ունենք: Հետաքրքրությամբ կդիտարկենք արտասահմանյան գործընկերների փորձը»: Պարոն Ուռուտյանը նաեւ տեղեկացրեց, որ օրակարգում է հիշյալ ցեղատեսակի բուծումը Ագրարային համալսարանում։
Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագիծը ներկայացրեց ոչխարաբուծության զարգացման բաղադրիչի համակարգող Կարեն Հարությունյանը:
Դեռեւս 2019-ին ֆրանսիական ROM Selection ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվեցին: Նրանք մասնագիտանում են բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծման, խորհրդատվության, իրացման, արտահանման ասպարեզում: Այս տարի մայիսին Հայաստան է բերվել ոչխարի հիշյալ ցեղատեսակի առաջին, աշնանը կբերվի երկրորդ խմբաքանակը:
ROM Selection-ի արտահանման մենեջեր Ֆրանսուա Տահոնը եւ բուծման մենեջեր Բերնար Դելաբրեն մանրակրկիտ ներկայացրին բլանշի հատկանիշները՝ հեշտ հարմարվող են, կերի հարցում սակավապետ, դիմացկուն, բարձր մթերատվությամբ եւ վերարտադրվելու կարողությամբ: Այս ցեղատեսակի ոչխարի միսը զուրկ է առանձնահատուկ համ ու հոտից (այն՝ ինչը սովորաբար վանում է հայ սպառողին), մանկական օրգանիզմի աճի ու զարգացման համար շատ կարեւոր տարրեր է պարունակում եւ առողջապահության տեսակետից անփոխարինելի նշանակություն ունի: Մեր մասնագետների հարցերը բազում էին, պատասխանները՝ սպառիչ:
Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը, դեկան Արեւիկ Աբովյանը, դոցենտ Զորիկ Փամբուխչյանը նշեցին, որ գիտահետազոտական աշխատանքների լայն ասպարեզ է բացվում, քանզի պետք է դիտարկել բլանշի հարմարվողականությունը եւ վարքագիծը Հայաստանի պայմաններում: Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանն էլ իր գործընկերների հետ կդիտարկի շուկայի համար այս նորույթի տնտեսական շահավետությունը:
Բոլոր մասնակիցները արդյունավետ համարեցին հանդիպումը եւ համոզմունք հայտնեցին, որ համագործակցությունը մեծ հեռանկար ունի: