Վերջին տարիներին Ագրարայինի սննդի տեխնոլոգներն աշխույժ եւ արդյունավետ համագործակցում են չին մասնագետների հետ: Օրերս հերթական աշխատանքային խումբն էր գտնվում այդ միանգամայն ինքնատիպ, յուրօրինակ մշակույթ եւ աշխատանքային ահռելի ավանդույթներ ունեցող երկրում: Երեկ՝ հունիսի 23-ին, նրանք ներկայացրին իրենց գործուղման արդյունքները: Մեկնարկին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը կարեւոր համարեց արտերկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ակադեմիական շարժունությունը, որի շնորհիվ երկար ու փոխշահավետ գործընկերային պատմություն ենք կերտում: Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը նշեց, որ այս տարի վերապատրաստումը տեխնոլոգիական ուղղվածություն ուներ եւ, ինչպես միշտ, բովանդակալից ու արդյունավետ էր: Ուշագրավ է, որ հյուրընկալողները շատ ուշադիր դիտարկել են նաեւ նախորդ տարիների «ֆիդ բեքով»՝ հետադարձ կապով ստացած պատկերն ու հիմա հաշվի են առել առաջարկած բոլոր մանրուքները-հանգամանքները: Սա թերեւս աշխատանքի գրագետ կազմակերպման գերադրական աստիճանն է: Հաշվետվություն-քննարկումն իսկապես շահագրգիռ էր ու, բնականաբար, երկար տեւեց՝ խելացի ագարակներ, կաթի փոշի, ԳՄՕ-ներ եւ օրգանական սննդամթերք, պրոբիոտիկներ, բուժական նպատակներով օգտագործվող ֆերմենտային սոյա: ՈԳԱ կենտրոնի տնօրեն, հիշյալ ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը նկատեց. «Կարեւոր նյութեր եք բերել, որքանո՞վ եք պատրաստ այդ ամենը ներառել կրթական ծրագրերի մեջ: Վերապատրաստման նպատակը հենց կրթության բովանդակային բարելավումն է»: Գործուղված թիմը պատասխանեց, որ նյութերը թարգմանված են, եւ թվային տարբերակը հասանելի է բոլոր հետաքրքրվողներին: Մեր մասնագետները Չինաստանից բերել են լակտոզից զերծ կաթնամթերք, յոգուրտի մակարդ, իսկ Գոհար Միքայելյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում ստացել է առանց լակտոզի կաթ: Դե, տեխնոլոգների որեւէ նախաձեռնություն՝ լինի նիստ, ավարտաճառերի պաշտպանություն, աշխատաժողով, թե քննարկում, անհնար է պատկերացնել առանց համտեսի: Ներկաները փորձեցին Գոհար Միքայելյանի ստեղծած նոր կաթնամթերքը եւ, դատելով ընդհանուր տրամադրությունից, հավանեցին…

- 24/06/2025
- 2025