ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ եւ երիտասարդ աշխատակիցներ։
Արդեն տասնմեկ տարի է, ինչ մեր երկրում նշվում է Ուսանողների եւ երիտասարդների օրը՝ մայիսի 16-ը։ Դեռեւս ոչ երկար ավանդույթ, բայց կարեւոր խորհուրդ ունեցող այս տոնը մեր հասարակության մեջ ձեր՝ ուսանողներիդ եւ երիտասարդներիդ ակտիվ դերակատարությունն իմաստավորող գեղեցիկ հանգրվան է։ Հենց Ագրարային համալսարանի ուսանողներից եւ համալսարանի բոլոր ստորաբաժանումներում աշխատող երիտասարդներից շատ-շատերի օրինակը ակներեւ վկայությունն է այդ կարեւոր դերակատարության։
Մայիսյան տոների շարքում արդեն իր ուրույն տեղը զբաղեցրած այս օրով ցանկանում եմ արձանագրել հետեւյալը։ Դուք լավատեղյակ եք եւ ականատեսն եք այն բոլոր դրական փոփոխությունների, որ տեղի են ունենում մեր համալսարանում, սակայն ամենամեծ դրական փոփոխությունը հենց դուք եք կարողանալու ապահովել՝ բարձր առաջադիմությամբ սովորելու, լավ մասնագետ դառնալու, ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին եւ, իհարկե, մեր հայրենիքին օգտակար լինելու, Ագրարային համալսարանի ուսանողի ու աշխատողի պատիվը բարձր պահելու ձեր ձգտումներով ու ջանքերով։
ՀԱԱՀ սիրելի ուսանողներ եւ երիտասարդ աշխատակիցներ, ուզում եմ հավաստիացնել, որ մենք շատ բարձր ենք գնահատում ձեր ամենօրյա կառուցողական աշխատանքով համալսարանի հեղինակության եւ ագրոպարենային ոլորտի անխուսափելի վերելքներին նպաստող ձեր ջանքերը եւ շնորհակալություն հայտնում թե՛ գործադրված, թե՛ գործադրվելիք ջանքերի համար։
Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Ագրարային համալսարանի եւ, առհասարակ, հայաստանցի բոլոր ուսանողներին ու երիտասարդությանը, այդ թվում՝ Ագրարայինի բոլոր դիմորդներին։ Սիրելի դիմորդներ, դուք արդեն կատարել եք ճիշտ եւ պատվաբեր ընտրություն․ մաղթում եմ, որ ակնածանքով, պատասխանատվությամբ եւ բարձունքներ նվաճելու հաստատակամությամբ շարունակեք ձեր ընտրած խոստումնալից ճանապարհը՝ ունենալով Ագրարային համալսարանի նման հոգատար առաջնորդող։