ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ողջույնի ուղերձը համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան բարեկամներ եւ շրջանավարտներ, 2025 թվականին նշում ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյակը։ Այդ 95 տարին արարման պատմություն է՝ հանուն Հայաստանի ագրոպարենային ոլորտի եւ, առհասարակ, երկրի կայուն զարգացման։

Սա պատեհ հնարավորություն է գնահատելու համալսարանի անցած փառավոր ուղին, շնորհակալություն հայտնելու այն կերտողներին եւ նայելու դեպի ապագան՝ նոր տեսլականով ու վճռականությամբ։

Ագրարային համալսարանը եղել եւ մնում է Հայաստանում ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհը եւ գիտական մտքի հիմնական դարբնոցը։

Բուհի տարբեր տարիների շրջանավարտները՝ գյուղատնտեսներն ու բույսերի պաշտպանները, անասնաբույծներն ու անասնաբույժները, պարենի տեխնոլոգներն ու ճարտարագետները, տնտեսագետները, սննդի անվտանգության եւ այլ մասնագետները, գիտնականներն ու դասախոսները ոչ միայն նպաստել են կոնկրետ ժամանակահատվածում մեր երկրում պարենային ապահովվածության խնդրի լուծմանը, այլեւ ստեղծել են մնայուն արժեքներ հանդիսացող բարիքներ։

Բերեմ ընդամենը մի քանի օրինակ․

Գյուղատնտեսական ֆակուլտետի շրջանավարտ Լեւոն Երզնկյանի ստեղծած «Նարինե» բուժիչ եւ կանխարգելիչ կաթնամթերքը եւ նույն անունը կրող դեղամիջոցները ունեն մեծ պահանջարկ ու վաճառվում են երկրի գրեթե բոլոր դեղատներում եւ արտահանվում բազմաթիվ երկրներ։

Գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտներ Պետրոս Այվազյանի ստեղծած խաղողի բազմաթիվ սորտեր ծառայել եւ ծառայում են որպես գինեգործության եւ կոնյակագործության բարձարժեք հումք, Պապին Ղանդիլյանի ջանքերով հիմնված վայրի ցորենների պահպանման «Էրեբունի» արգելոցը սելեկցիայում օգտագործվելու մեծ ներուժ ունի, իսկ  ճարտարագետ-տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի հեղինակած «Արարատ», «Ընտիր», «Հոբելյանական», «Ախթամար», «Հայաստան», «Դվին», «Երեւան», «Տոնական», «Վասպուրական» եւ «Նաիրի» կոնյակները բարի համբավ եւ լայն ճանաչում ու սպառում ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս։

Ագրարային համալսարանի պատմությունը վստահությամբ կարելի է համարել ոչ միայն համալսարանի, այլեւ մեր երկրի ագրոպարենային ոլորտի առաջընթացի ու գիտական նվաճումների պատմություն։

Մեր բուհի հազարավոր շրջանավարտներ այսօր էլ իրենց գիտելիքներով ու փորձով ապահովում եմ Հայաստանի տնտեսության առաջընթացը՝ նպաստելով նաեւ երկրի պարենային անվտանգության խնդրի լուծմանը։

Ագրարային համալսարանի ուժն ու հարստությունը բանիմաց, բարեխիղճ աշխատակիցներն են եւ սովորելու ու արարելու մեծ ձգտում ունեցող ուսանողներն ու շրջանավարտները։

Առիթը օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին ու պետական կառավարման այլ մարմինների, մեր գործընկերներին՝ միջազգային ու տեղական կազմակերպություններին, անհատ անձանց՝ վերջին տարիներին Ագրարային համալսարանին ցուցաբերած համակողմանի օժանդակության համար։

Միաժամանակ երախտագիտությունս եմ հայտնում Ագրարային համալսարանի բոլոր ժամանակների նվիրյալներին՝ ղեկավարներին, պրոֆեսորադասախոսական, վարչական եւ սպասարկող անձնակազմերի ներկայացուցիչներին, մեր ակտիվ ու պատասխանատու ուսանողներին եւ, իհարկե, համալսարանի պատիվը բարձր պահող շրջանավարտներին։ Դուք եք ստեղծել մեր հարազատ կրթօջախի բարի համբավը՝ դուք եք արարել Ագրարային համալսարանի փառավոր ուղին։

Թող այս հոբելյանը լինի առիթ ոչ միայն հետադարձ հայացք գցելու Ագրարային համալսարանի անցած ուղուն, այլեւ դառնա համարձակ, առաջադիմական ծրագրեր կազմելու եւ դրանք հաստատակամորեն կյանքի կոչելու մեկնակետ։

Համոզված եմ, որ համալսարանը շարունակելու է կատարել իր առաքելությունը՝ պատրաստելով մրցունակ, բանիմաց, պատասխանատու եւ հայրենասեր մասնագետներ։

95-ամյա Ագրարային համալսարանին մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով լեցուն հարատեւ գործունեություն։

Շնորհավոր 95-ամյակդ, սիրելի Ագրարային համալսարան։
Փառք քո անցյալին եւ հավատք՝ ապագայիդ։

Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ,
ՀԱԱՀ ռեկտոր                                                                     14 հոկտեմբերի, 2025 թ․