Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 23-ին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում մասնակցել է «ԱՊՐԻ Արմենիա» (Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) հետազոտական կենտրոնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցած համաժողովին՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն եւ բարեկեցություն Եվրոպայի հարեւանությամբ» վերտառությամբ։
Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանը, Հարավային Կովկասում խաղաղությանը եւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում հարակայուն գյուղատնտեսության, փոխակերպական տեխնոլոգիաների եւ էկոհամակարգի ընձեռած հնարավորությունների մեծացման կարեւորությանն առնչվող հարցեր։
Ռեկտոր Ուռուտյանը, ակադեմիական շրջանակների եւ մասնավոր հատվածում տնտեսավարող ընկերությունների պատասխանատուների շարքում, առանցքային զեկուցողներից մեկն էր, որոնք Սփյուռքի եւ Եւրոպայի գործընկերների համար ըստ ամենայնի լուսաբանեցին հայաստանյան տնտեսության այնպիսի ոլորտներում տեղի ունեցող փոխակերպումներն ու արագ զարգացումները, ինչպիսիք են մաքուր, կանաչ էներգիան, հարակայուն գյուղատնտեսությունը եւ ստարտափների ներկա բումը սպասարկող արհեստական բանականությունն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող առաջընթացը։
Համաժողովից հետո տարածած հաղորդագրության մեջ ԱՊՐԻ Արմենիան հատուկ շնորհակալություն է հայտնում ՀԱԱՀ ռեկտորին՝ Ագրարային համալսարանում եւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող նորարարական, տեխնոլոգիական փոխակերպումներին անդրադառնալու համար։
ՀԲԸՄ-ի հիմնադրած Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ («ԱՊՐԻ Արմենիա») վերլուծական կենտրոնի ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են Հայաստանի ներուժի իրացման հիմնական մարտահրավերներին առնչվող կոնկրետ խնդիրների լուծմանը:
- 28/06/2023
- 2023