Ագրարային համալսարանը վերսկսում է մարզերից ուսանողների նպատակային ուղղորդման, ներառյալ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները: Նախապատրաստական փուլը մեկնարկել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի գլխավորությամբ համալսարանի առաջին պատվիրակության՝ Շիրակի մարզպետարան այցով:
Մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, Գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանի եւ այլ պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը:
Մարզերում առհասարակ եւ Շիրակի մարզում մասնավորապես, առկա է ագրարային մասնագետների լուրջ պակաս: Այս առումով մարզերից դիմորդներին նպատակայնորեն դեպի Ագրարային համալսարան ուղղորդելը այսօրվա հրատապ խնդիրներից մեկն է: Մարզպետարանում աշխատանքային հանդիպման ժամանակ, որն անցել է լիակատար փոխըմբռնման եւ փոխգործակցային հարաբերությունների զարգացման ոգով, նախանշվել են հետագա գործողությունները, այդ թվում համալսարանի պատվիրակությունների՝ մարզի դպրոցներ այցելությունների գործելակերպի վերականգնումը եւ նորովի իմաստավորումը:
Ինչու՞ նորովի: Քննարկման ընթացքում մարզպետարանի պատասխանատուները, որ մինչ այդ որոշակիորեն տեղյակ էին Ագրարայինում իրականացված եւ շարունակական արմատական բարեփոխումների մասին, վերջնականապես համոզվեցին՝ բոլոր պատանի շիրակցիները, որ հաջորդ սեպտեմբերին եւ հետագա սեպտեմբերներին ոտք են դնելու Ագրարային համալսարան՝ հայտնվելու են միանգամայն նոր կրթական միջավայրում, արժեմշակութային նոր տարածքում:
Հանդիպումից երկուստեք ակնկալիքները մեծ են, քանզի նորացված կրթական ծրագրերն ու նոր ենթակառույցները նպաստավոր պայմաններ են ստեղծել մասնագիտական աշխատաշուկայի կոնկրետ կարիքները բավարարող արդիական կրթություն ստանալու համար: Ավելին, հանդիպումից նաեւ պարզ դարձավ, որ մի շարք կրթական ծրագրերի գծով համալսարանն առաջարկում է առաջանցիկ, ապագային միտված, արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթություն:
Համայնքների բնորոշ կարիքների վերհանման եւ դրանց լուծումներ գտնելու հարցում ուսանողների հոսքի ապահովմանը զուգահեռ, համալսարանը, շարունակական կրթության իր քաղաքականության, վերապատրաստումների արդյունավետ ծրագրերի միջոցով փորձում է տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ապահովել ոլորտում գործող մասնագետների համարժեք պատրաստվածությունը: Այս առումով գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման համար պատասխանատու մասնագետ-պաշտոնյաների հետ համալսարանի դեկանների հանդիպումների 2019 թ.-ի փորձը հստակ կերպով վկայում է մարզերում եղած խնդիրների լուծման գործում Ագրարային համալսարանի ներգրավման անհրաժեշտությունը: Ակնկալվում է, որ վերհանված՝ յուրաքանչյուր մարզին բնորոշ գերակայությունները կդառնան համալսարանի մասնագետների ուժերով վերապատրաստումների եւ խորհրդատվության հավանական թեմաներ: