ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է«Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում բակալավրիատի կրթությամբ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու եզակի հնարավորության մասին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։ Այս Ծրագրի շրջանակում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում։
Ծրագիրն արտերկրում ուսանելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ծրագրում ընդգրկված են Իտալիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտերն ընդունվում են ստորև նշված էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝ https://investyourtalentapplication.esteri.it/sitoinvestyourtalentapplication/progetto.asp։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc։