Ապրիլի 4-ին Ագրիթեք ինկուբատորի սրահում տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետին կից ստեղծվող արդյունաբերական խորհրդի անդրանիկ հանդիպումը ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի եւ ոլորտի շահակից մասնավոր, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։
Արդյունաբերական խորհրդի նպատակը ՀԱԱՀ համապատասխան կրթական ծրագրերի արդիականցմանը եւ առհասարակ ոլորտային կրթության մրցունակության բարձրացմանը նպաստելն է։ Անասնաբուժականից հետո նման խորհուրդներ կստեղծվեն նաեւ Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոնոմիական ֆակուլտետներին կից։
Ոլորտի՝ երկրում հայտնի եւ մեծ հեղինակություն վայելող մասնագետների հանդիպումը որքան ջերմ էր զուտ մարդկային ու գործընկերային առումով, այնքան գործնական՝ նոր ձեւաչափով ջանքերը համատեղելու, պատասխանատվության իրենց բաժինը կրելու պատրաստակամության առումով, ինչպես նշեց CIVITTA Հայաստանի փորձագետ Սեւակ Հովհաննիսյանը՝ Ագրարային համալսարանի «կնքահայրությամբ»։
Արդյունաբերական խորհրդի նորարարական ձեւաչափի նախաձեռնող ռեկտոր Ուռուտյանը եւ հանդիպման կազմակերպիչ դեկան Աբովյանը ջերմորեն ողջունեցին եւ բարձր գնահատեցին գործընկերների պատրաստակամությունը եւ նրանցից յուրաքանչյուրի ներդրման կարեւորությունը՝ բուհ-աշխատաշուկա աններդաշնակ կապի կարգավորման տեսակետից։ CIVITTA-ի վերջին հետազոտությունները, ինչպես եւ մեր համալսարանի ուսումնասիրությունները, հստակ կերպով ցույց են տալիս մի կողմից ագրարային մասնագիտությունների նկատմամբ երիտասարդնության շրջանում հետաքրքրվածության խիստ ցածր մակարդակը եւ շրջանավարտների՝ աշխատանք գտնելու դժվարությունները, մյուս կողմից՝ ոլորտում շատ բարձր վարձատրվող աշխատատեղերի առկայությունը․․․
Ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց վերջին տարիներին համալսարանում ստեղծված նորարարական բազմաթիվ ենթակառույցների ստեղծած՝ բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար աննախադեպ նպաստավոր պայմանները։ Պարոն Ուռուտյանը կարեւոր համարեց աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մրցունակ մասնագետների պատրաստման գործում նոր գործելակերպերի ներդրումը, ինչպիսին աշխատանքային կիսամյակի՝ ՀԱԱՀ-ում ներդրված հաջողված գործելակերպն է։ Անշուշտ, կրթական ծրագրերի գործնական արժեքի բարձրացման առումով շատ կարեւոր է նաեւ դրանց շարունակական գործընթացին նորաստեղծ խորհրդի գործընկերներին ներգրավելը՝ գործատուի իրական կարիքների հիման վրա (խորհրդի անդամ կազմակերպություններից շատերը հենց գործատուներ են)։
Առաջիկայում կստորագրվի Անանասբուժականին կից արդյունաբերական խորհրդի ստեղծման վերաբերյալ պաշտոնական հուշագիր, որը կներառի կրթական, գիտահետազոտական, գործնական հմտությունների եւ ֆոնդահայթայթման հստակ օրակարգեր։
Արդյունաբերականից բացի, հետագայում կստեղծվեն նաեւ ռազմավարական խորհուրդներ, որոնք, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, առավել լսելի կդարձնեն ոլորտի մասնագետների կարծիքը տարբեր մակարդակներում: