Կետ 15՝ կյանքը ցամաքում. մեծ աշխարհի հոգսերն ու… մեր անկյունը

ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների 15-րդ կետը նվիրված է ցամաքային կյանքին: Հող. այլընտրանք չունեցող, անփոխարինելի, հեշտությամբ դեգրադացվող, սողացող, դժվար ու թանկ վերականգնվող աղուտ-ալկալի տարածքներ եւ կյանքի հարատեւությանը անմար հույսով հավատացող մարդ արարած: Հողի հետ կապված խնդիրների ծագման հարցում կլիմայի փոփոխություններից հետո, հենց նա՝ մարդ արարածն է իր անփութությամբ գլխացավանք ստեղծում: Ամենուր:

Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային միացել է 197 պետություն, այդ թվում մեր երկիրը: Ողջ աշխարհն է համակված հողային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներով: Աշխարհի բարեկեցության-բարօրության հիմքը ի սկզբանե եղել եւ մնում են հողի եւ ջրի պաշարները: Ուստի մեր բուհի առաքելությունը ամենաուղիղ կերպով միտված է դրան, եւ մենք երկրում միակն ենք այդ տեսանկյունից՝      հողաշինարարություն, հողագիտություն, երկրագործություն եւ… ջուր:

Շրջակա միջավայրի նախարարության Հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի» ազգային համակարգող Նարինե Հակոբյանը երեկ՝ փետրվարի 27-ին, ՀՋՌԿ ամբիոնի տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում Ա․ Քոչինյան անվան գյուղատնտեսական քոլեջի սաների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրեց ողջ մարդկությանը համակած մտահոգությունները եւ որ մեր բուհի երիտասարդները ամենաուղիղ մասնակցությունը կարող են ունենալ դրանց հաղթահարման գործում:

Անհրաժեշտ է պարզապես մասնագիտական գիտելիքների պաշարից զատ զինված լինել ՏՏ ժամանակակից գործիքակազմերով (ի մասնավորի՝ ԱՏՀ եւ հեռահար զոնդավորում) եւ մայրենիի փայլուն իմացության վրա լավ սովորել անգլերեն, որ մասնագիտական միջազգային համայնքի հետ շփման անփոխարինելի միջոց է:

Հիշյալ ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանն էլ ուսանողներին տեղեկացրեց, որ նոր ծրագրեր են մեկնարկում, որոնք միտված են լինելու ժամանակակից կրթության ամենաբարձր պահանջներին համապատասխան ընթացք ապահովելուն:

Հանդիպումը հետաքրքիր էր եւ երիտասարդներին իրապես ոգեշնչող՝ գիտելիքով կարելի է հասնել հաջողության եւ նպաստ բերել մեր հինավուրց հողի–երկրի-տնտեսության բարօրությանը: Սա է ուղիղ ճանապարհը