2024 թ․ սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա «Կենսաակտիվ միացությունների հայտնաբերում, հետազոտություն եւ օգտագործում՝ առողջ եւ ֆունկցիոնալ սննդամթերքի զարգացումը» թեմայով ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 32-րդ միջազգային գիտաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 20-րդ սիմպոզիումը եւ ցուցահանդեսը։
Ոլորտի գիտնականների, արտադրողների, Ագրարային համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար սա լավագույն հնարավորություն է մասնակցելու ֆունկցիոնալ սննդի ոլորտում համաշխարհային նշանակության այս կարեւոր իրադարձությանը։
Պոտենցիալ մասնակիցների գրանցման, թեմաների ամփոփոգրերն ուղարկելու, ցուցահանդեսի տաղավարների ամրագրման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/ինստիտուտը ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման և ֆունկցիոնալ սննդագիտության բնագավառում հանրային կրթության ոլորտների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը 1998 թ․ հիմնադրել է մեր հայրենակից, ծնունդով արցախցի, ֆունկցիոնալ սննդի ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող դոկտոր Դանիկ Մարտիրոսյանը` Ֆունկցիոնալ սննդի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերության հիմնադիրը, «Առողջություն և հիվանդություններ ֆունկցիոնալ սննդի պարբերականի» գլխավոր խմբագիրը: