Կառավարություն – Ագրարային համագործակցության հերթական նվաճումը․ կրթաթոշակներ առաջինկուրսեցիներին

Ելնելով ագրոոլորտի զարգացման ռազմավարական կարեւորությունից, ՀՀ կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշել է 2024-2025 ուստարում Ագրարային համալսարանի բակալավրական 14 եւ մագիստրոսական 15 կրթական ծրագիր ընդգրկել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում: Իսկ սա նշանակում է, որ մեր բուհի շուրջ 220 առաջինկուրսեցի 70.000 դրամ կրթաթոշակ կստանա:

Երկրի տնտեսության համար կարեւոր այս նախաձեռնությունը նաեւ հրաշալի աջակցություն է նպատակամետ, խելացի, աշխատասեր երիտասարդների համար: Պատահական չէ, որ այս որոշմամբ խրախուսվում է բարձր առաջադիմությունը, այն է՝ ուսումնական տարեվերջին 80,01-ից ցածր ՄՈԳ ունեցող՝ նախագծի շահառու ուսանողները կզրկվեն կրթաթոշակից, 90,01-ից բարձրերի կրթաթոշակը եկող տարի կկազմի 77.000 դրամ: