Այսօր՝ հունիսի 22-ին Ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ Կանզասի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության 20-ամյակի առթիվ ժամանած պատկառելի պատվիրակությանը՝ նահանգապետ Լորա Քելիի, Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի եւ Կանզասի նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Պատվավոր հյուրերին ընդունեցին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը։ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության, Գարեջրի եւ թորման, Օրգանական գյուղատնտեսության, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների ու Ջրային եւ հողային ռեսուրսների կենտրոններում եւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորում շրջայցից հետո պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հյուրերին ներկայացրեց Ագրարային համալսարանը, մասնավորապես կանգ առնելով միջազգային կրթական ծրագրերի, վերջին տարիներին ստեղծված նորարարական կրթահետազոտական ենթակառույցների վրա։
Պարոն Զաքոյանը նշեց Կանզասի նահանգի եւ մասնավորապես Կանզասի նահանգային համալսարանի եւ այս նահանգի Գյուղատնտեսության դեպարտեմենտի հետ փոխգործակցության պոտենցիալ ուղղությունները՝ փորձի փոխանակում ճշգրիտ գյուղատնտեսության բնագավառում, համատեղ հետազոտությունների իրականացում եւ ուսանողների ու դասախոսների փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում սննդի տեխնոլոգիաների, ագրոտեխնոլոգիաների եւ կենսատեխնոլոգիաների, խելացի անասնաբուծության եւ անասնաբուժական ծառայությունների բարելավման ոլորտներում։
Նահանգապետ Քելին հավաստիացրեց, որ կփորձի ջանքեր գործադրել հետագա գործակցության համար լավ հիմքեր ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես ագրոճարտարագիտության, ջրային ռեսուրսների կառավարման, ագրոբիզնեսի ոլորտներում։ Նա շեշտադրեց նորագույն տեխնոլոգիաների եւ նպատակային հետազոտական աշխատանքի կարեւորությունը։ Նահանգապետ Քելին, փոխնախարար Խոջոյանը եւ պրոռեկտոր Զաքոյանը համակարծիք էին այն հարցում, որ փոխգործակցության համար շատ լավ ներուժ կա։
Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմը նշեց, որ տպավորված է այն ուղուց, որով Ագրարային համալսարանը փորձում է առաջ ընթանալ։ Նա խոսեց գործակցության մի քանի հնարավոր ուղղությունների, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում գործակցության հնարավորության մասին։ Թե նահանգապետ Քելին եւ թե քարտուղար Բիմը դրականորեն արձագանքեցին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանի՝ Կանզասի նահանգային համալսարանի հետ գործակցության առաջարկին։ Ընդ սմին, պարոն Խոջոյանը բերեց Տեխասի A&M համալսարանի հետ արդյունավետ գործակցության օրինակը՝ ասելով, որ հենց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի նման միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերի շրջանավարտներն են, որ փոփոխություն են կատարում հայաստանյան գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի բնագավառում։ «Կանզասի նահանգային համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրի իրականացումը պատմական կարեւորություն կարող է ունենալ մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի հաստատուն առաջընթացի համար», – ասաց պարոն Խոջոյանը։
Հանդիպումն ավարտվեց արտերկրում գտնվող ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից ջերմ ողջույնի փոխանցմամբ, խորհրդանշական հուշանվերների փոխանակմամբ եւ փոխգործակցության մեկնարկած գործընթացին միս ու արյուն տալու փոխադարձ մտադրությունների արտահայտմամբ։
Այսօր ավելի վաղ նահանգապետ Քելին եւ գեներալ Վեներդին եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։