Նոյեմբերի 14-ին ագրարայինցիներն իրենց ներդրումն ունեցան համապետական ծառատունկին, որը հերթականն էր կառավարության՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում: ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի Էկոլոգիական ակումբի առաջնորդությամբ ՀԱԱՀ-ի ուսանողները մասնակցեցին աշնանային համապետական ծառատունկին՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։ Մասնակցեցին ուրախությամբ, բարձր տրամադրությամբ՝ չնայած ցուրտ եղանակին:
«Մեր ուսանողները պատրաստակամորեն եւ արվող գործի կարեւորության գիտակցությամբ կատարեցին Հայաստանի կանաչ ապագան ապահովող ծառատունկի իրենց հերթական մասնաբաժինը», – ասում է համալսարանի Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը։
Աշխատանքներն ավարտելուց հետո ուսանողներն այցելեցին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված Տառերի պուրակ։
Շնորհակալություն մեր երկրի էկոլոգիական պահպանությամբ մտահոգ ուսանողներին, ովքեր այս անգամ եւս իրենց ներդրումն ունեցան Հայաստանի կանաչապատման գործում։
Ընդհանուր առմամբ այդ օրը տնկվեց Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ տարբեր կազմակերպություններին տրամադրած անտառային ծառատեսակների 10 հազար տնկի: «Հայանտառը» նաեւ նախանշել էր ծառատունկի տարածքները: ՇՄ նախարարությունն այս անգամ ընտրել էր նոր ձեւաչափ, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը եւ քաղաքացիներին բնապահպանական խնդիրների լուծմանը մասնակից դարձնելուն:
ՀԱԱՀ ուսանողները ոչ միայն լիովին ընկալում, այլեւ իրենց գործողություններով ակտիվորեն փորձում են իրենց ավանդն ունենալ Հայաստանը «կանաչ» երկիր դարձնելու գործում: