Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ուժերով վերակառուցվել է հարակից այգին

Գլխավոր մասնաշենքի հարակից այգում անսովոր եռուզեռին համալսարանում վաղուց էին սպասում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին նվիրված հերթական ծառատունկը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին։ Սակայն սա պարզապես ծառատունկ չէր․ 2 հեկտար տարածք զբաղեցնող ուսանողական այգին վերակառուցվեց ամբողջությամբ՝ նախախես հեռացնելով չորացած ծառերն ու թփերը եւ, որ առանցքային կարուորությու ունի՝ անցկացնելով ոռոգման նոր ցանց։

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ, ժամանել էին տարբեր տեսակների բազմաթիվ ծառատեսակներով, թփերով ու բույսերով լի բեռնատարներով, բարձր տրամադրությամբ ու բարեկամական ջերմությամբ։ Նույն ջերմությամբ էլ նրանց ընդունեցին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Խուրշուդյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը եւ մյուսները։

Այգու վերակառուցումը պլանավորված էր 2026 թվականի համար, սակայն մեր գործընկերները փոխեցին, «առաջ գցեցին» իրենց ծրագրերը՝ վերակառուցումը նվիրելով  Ագրարային համալսարանի 95-ամյա տարեդարձին։

Այգին համալրվեց ավելի քան 50 ծառով (ձիակասկ պավիա, սաֆորա, կարմիր թխկի, վարդակակաչածառ, սոսի, սոճի, հացենի, հնդկական եղրեւանի եւ այլն), գիհու 200 եւ 50 այլ թփերով։ ՊՈԱԿ-ն անցկացրել է այգու ամբողջ՝ 2 հա տարածքն ընդգրկող ոռոգման ցանց՝ շուրջ 3000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ տեխնոլոգիական նոր ու հուսալի լուծումներով։

Արժեքավոր գեղազարդ  բույսերով այգու լրացումը պարզապես պլանային-մասնագիտական աշխատանք չէր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համար․ այն նաեւ բարի կամքի եւ նվիրվածության դրսեւորում էր հարազատ բուհի հոբելյանի առթիվ, հարազատ՝ քանզի մասնագետներից շատերը մեր համալսարանի շրջանավարտներ են։

Շնորհակալություն մեր հուսալի գործընկերոջը՝ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։