«Կայուն» եւ անտառագետ մագիստրանտները ներկայացրեցին հետազոտական փորձուսուցումների հաշվետվությունները

Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի առկա համակարգի Կայուն գյուղատնտեսություն ու Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում կրթական ծրագրերում սովորող մագիստրանտներն օրերս պաշտպանեցին իրենց հետազոտական փորձուսուցումների հաշվետվությունները, որոնք անցկացրել էին պետական գերատեսչություններում, ոլորտի առաջատար կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հատկանշական է, որ ընտրված թեմաներն առնչվում էին համայնքների բնապահպանական եւ գյուղատնտեսական խնդիրներին՝ քամեպաշտպան անտառաշերտերին, ագրոանտառաբուծական համակարգերի հիմնմանը, էկոհամակարգային ծառայություններին, թափոնների եւ ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաեւ ներկայում Երեւան քաղաքի համար առաջնահերթություն համարվող կանաչապատման հարցերին։

Ուրախալին այն է, որ մի քանի մագիստրանտներ արդեն գործող ոլորտային մասնագետներ են, իսկ ոմանք ստացել են աշխատանքի առաջարկ եւ անցել են աշխատանքի այն կազմակերպություններում, որտեղ անցկացրել են փորձուսուցումը։ Մագիստրանտները զուգահեռաբար ներկայացրեցին իրենց մագիստրոսական թեզերի երկրորդ ատեստացիան, որի ընթացքում ներկայացրեցին աշխատանքների հետազոտական մասը։