Դեկտեմբերի 24-25-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացավ ԱգրիԹոնի (AgriThone)՝ գյուղատնտեսական նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների ինկուբացիայի առաջին մրցութային փուլը (pitching), որի ժամանակ նախապես ընտրված 43-ից հաղթեցին լավագույն 15 թիմերը:
Մասնագիտական ժյուրիի կազմում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Աչքի ընկած 15 թիմերի թվում են Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե Աբրահամյանի թիմը եւ Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողներ Ավետիս Բաղդասարյան – Հակոբ Ղազարյան հրաշալի երկյակը:
ԱգրիԹոնն իրականացնում է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում:
«Շնորհավորում եմ աչքի ընկած թիմերին, այդ թվում՝ Ագրարային համալսարանի երկու թիմերին, թեպետ պիտի ասեմ, որ համալսարանը ներկայացված էր նաեւ մյուս հաղթողների թվում, քանի որ քիչ չէին Ագրարայինի շրջանավարտները»,- ասում է մրցույթի համադրող Աննա Հովհաննիսյանը:
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադեւոսյանը մրցույթը չհաղթահարած մասնակիցներին հորդորում է չվհատվել, մանավանդ՝ որ այդ թիմերից մի քանիսը հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի մեկ այլ բաղադրիչի դրամաշնորհների մրցույթին:
Ինկուբացիայի երկրորդ փուլն, ըստ էության, սկսվել է առաջինից անմիջապես հետո, իսկ եզրափակիչ մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվար ամսին եւ ի հայտ կբերի երեք հաղթողներին: Ի դեպ, նույն ամսին կանցկացվի նաեւ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների իկուբատորի գյուղատնտեսական ստարտափների ավանդական մրցույթը: