Անտոն Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի կենտրոնը՝ Լիլիթ Սարոյանի ղեկավարությամբ, ուսումնական ողջ տարվա ընթացքում բազում միջոցառումներ է իրականացրել, որոնք նպաստելու էին սաների մասնագիտական հմտությունների, մարդկային նկարագրի լավարկման-հղկմանը: Ժամանակի ընթացքում ձեւավորվեց նաեւ կորիզ, որը գաղափարներ էր հղանում, իրագործում՝ խանդավառորեն:
Օրինակ՝ հենց այս հանրույթում ստեղծվեցին քոլեջի մասնագիտությունների մասին պատմող կարճ-ընդգրկուն հոլովակները, որոնք շատ արագ նվաճեցին ընկերային հարթակների դիտողների սրտերը: Այս նախաձեռնության հաջողության գաղտնիքը կարծես պարզ էր՝ պատանիներն ու աղջիկները ազնիվ, իրենց բուհի հանդեպ անկեղծ սիրով էին ստեղծել տեսանյութերը, առանց կեցվածքի, առանց այլոց ժամանակի ու նյարդերի հաշվին ինքնահաստատման ճիգերի:
Այսօր՝ հունիսի 25-ին, Լիլիթ Սարոյանը շնորհակալագրեր հանձնեց լավագույն ուսանողներին եւ բոլորը միակամ էին՝ սեպտեմբերին կհանդիպեն նոր, հետաքրքիր մտահղացումներով, նախաձեռնություններով: