Լուրջ համալրում. Ագրոնոմիականն ունի ժամանակի պահանջները բավարարող նոր ձեռնարկներ

Ագրոբիզնեսի դեպարտամենտում հինգ օր շարունակ ներկայացվեցին եւ մասնագիտական քննարկում անցան ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում ստեղծված 7 ուսումնական ձեռնարկները:

«Պտղաբուծություն», «Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում», «Տնկարանների հիմնում եւ կառավարում», «Կայուն գյուղատնտեսության ներածություն», «Ընկուզավորների այգու հիմնում եւ կառավարում», «Պտղատու ծառատեսակների վնասակար էնտոմոֆաունա եւ պայքար» եւ «Պտղատու ծառատեսակների հիվանդություններ եւ պայքար» ձեռնարկները կազմել են Ագրոնոմիական ֆակուլտետի հեղինակավոր մասնագետները՝ միջազգային փորձագետների գործուն մասնակցությամբ: Վերջինները ակտիվորեն մասնակցեցին նաեւ քննարկմանը՝ առցանց եղանակով:

Ինչպես բուն ձեռնարկները, այնպես էլ դրանց ներկայացումն ու քննարկումն աննախադեպ էին բովանդակային եւ խորքային առումներով, ինչպես նաեւ՝ բակալավրիատի ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների նպատակային մասնակցությամբ: Հնչեցին քաջալերող գնահատականներ, ոգեւորիչ կարծիքներ, անշուշտ՝ նաեւ քննադատական խոսք, շտկումների վերաբերյալ առաջարկներ:

Հստակ է մեկ բան, որ ստեղծված ձեռնարկները լիովին ծառայելու են նախանշված նպատակին՝ ագրոնոմիական մասնագիտության կրթական ծրագրերը հագեցնել Հայաստանում եւ արտերկրում իրականացված վերջին հետազոտությունների արդյունքների վրա հիմնված արդիական գիտելիքներով եւ գործնական հմտություններով։

Նոր բովանդակությամբ հագեցնելը ամենեւին չի նշանակում անտեսել եղածը, ավանդականը: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ձեւակերպեց, թերեւս, բոլոր շահակիցների, այդ թվում ծրագրում ընդգրկված արտերկրի փորձագետների միահամուռ կարծիքը, նշելով, որ հայրենական ավանդական գիտության, կոնկրետ Ագրարային համալսարանի մասնագետների ստեղծած տասնամյակների գիտական արդյունքն ու հսկայական գործնական փորձը հիմք են հանդիսացել ուսումնական ձեռնարկների կազմման համար՝ ներդաշնակ կերպով ավելացնելով սեփական եւ գործընկերների նորագույն հետազոտությունների արդյունքները:

Պարոն Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ տարբեր ամբիոնների մեր մասնագետները, ոլորտում գործող մասնագետների հետ միասին, ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել այս մեծ ու կարեւոր աշխատանքին, եթե չասենք՝ առաքելությանը: Ֆակուլտետի բոլոր ամբիոնների դասախոսներն ու առանցքային մասնագիտությունների ուսանողներն այժմ ունեն արդիական, ժամանակի պահանջները հաշվի առնող ուսումնական ձեռնարկներ: Մի դիտարկում էլ փոխանցենք ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի պատասխանատուներ Սուսաննա Մեժլումյանից եւ Սարգիս Մկրտչյանից. ձեռնարկների ստեղծման գործընթացում դեկան Տեր-Գրիգորյանն իր բարձրության վրա է եղել ոչ միայն որպես մասնագետ, այլեւ՝ ղեկավար եւ կազմակերպիչ:

Մնում է ավելացնել, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը, որի շրջանակում լույս են ընծայվել ձեռնարկները, ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցությունից, իսկ իրականացնողը Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամն է: