Երեկ՝ հունվարի 21-ին, ՋՀՌԿ ամբոնում հետաքրքիր հանդիպում կայացավ, որին մասնակցում էին նաեւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները, հայաստանյան ԱՐՍԻ ագրոհոլդինգի տնօրեն Արարատ Սինանյանը: Իրանական Փարթո Թաբ Ռայան ընկերության ներկայացուցիչներ Մոհամմադ եւ Միլադ Ազիզմորադիները Հայաստան են եկել իրենց արտադարնքը ներկայացնելու մտայնությամբ, եւ հատկանշական է, որ սահիկաշարի ցուցադրական նյութերը (պարսկերեն եւ անգլերեն) ուղեկցվում էին նաեւ հայերեն՝ Աստվածաշնչի մեկնարկային խոսքով, դասական ուղղագրությամբ: Այս ընկերության ստեղծած համակարգերը արդեն մեծ հաջողությամբ կիրառվում են Ուզբեկստանում, Ռուսաստանում, Ղազախստանոըւմ եւ այլ երկրներում:
Մեր հյուրերը նկատեցին, որ Հայաստանը որակյալ արտադրանքով է ներկայանում աշխարհին, սակայն նորագույն ՏՏ, ԱԲ հնարավորությունները կարող են նպաստել, որ խնդիրները լուծելիս որոշումներն ավելի ճշգրիտ լինեն, որ ապրանքի որակը մշտադիտարկվի, վերահսկվի՝ ուրեմն նաեւ լավարկվի, որ ծախսերի կրճատումները բարձրացնեն արտադրության արդյունավետությունը, մեծանա եկամուտը, այլ շուկաների դռները լայնորեն բաց լինեն հայկական անուշահամ պարենի համար: Ի մասնավորի, ուշադրության կենտրոնում են ձկնաբուծությունը, պիստակի արտադրությունը, նաեւ ընտրողաբար՝ ցանկացած այլ գյուղմթերք:
Մեր անմիջական հարեւանների ստեղծած՝ համալսարանական-գիտահենք սարքը (հավաստագրել են Իրանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության նախարարությունները) ֆիզիկական չափումների համար օգտագործում է ձայնային հաճախականություններ՝ ազդակներ, եւ պատասխան ազդակների օգնությամբ ստեղծում ԱԲ-ով աշխատող հատուկ միջավայր, որը նպաստում է շահութաբերության բարձրացմանը՝ ռեսուրսների խնայողության պայմաններում: Համակարգը հաջողությամբ կիրառվում է մինչեւ 50 տոնա ձուկ պարունակող արհեստական բուծման ավազանում, 3 հա մակերեսով ջերմատնային տնտեսությունում, նույն չափով ընդգրկմամբ պիստակենու այգիներում եւ այլն:
Հյուրերը մանրակրկիտ ներկայացրին տնտեսական արդյունավետության հաշվարկները, սարքի եւ ծրագրակազմերի արժեքները, համագործակցության հեռանկարներն ու ընձեռվող հնարավորությունները:



















