Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ, հոբելյանական ծառատունկ կատարեցին Արմավիրի մարզի Վանանդ ագրո ՓԲԸ-ի նուշի այգիներում։ Նուշի Լաուրան մշակաձեւի 95 տնկիներ համալրեցին ընկերության հայտնի նուշի այգիները՝ պահպանելով ավանդական այգու տնկման 4 մ x 5 մ սխեման։ Սա հոբելյանական տարվա ամենագեղեցիկ, օգտակար եւ խորհրդանշական միջոցառումներից մեկն էր, որին, ագրարայինցիներից բացի, հաճույքով մասնակցեցին նաեւ Վանանդ ագրոյի գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանը եւ այգիների կառավարիչ, ՀԱԱՀ շրջանավարտ Հայկ Ստեփանյանը։
Վանանդ ագրոյի հետ երկու տարի առաջ մեկնարկած համագործակցությունը օրերս ամրագրվեց պայմանագրով, որով նախատեսված են գործակցության մի շարք ուղղություններ, ներառյալ բակալավրիատի ուսանողների աշխատանքային կիսամյակների եւ քոլեջի դուալ ծրագրով սովորողների փորձուսուցման անցկացումը։ Առհասարակ, այս ընկերությունը մեր երկրում եզակիներից է, որ սեփական մասշտաբային գյուղատնտեսական գործունեությունը վարելուց զատ, պատասխանատվություն է ստանձնել աջակցելու գյուղատնտեսական կրթության բարեփոխմանը՝ միաժամանակ աջակցելով գյուղական շրջանների տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։ Ի դեպ, Վանանդ ագրոյի 60 աշխատակիցները Վանանդ եւ շրջակա մի քանի այլ գյուղական համայնքներից են։
Ծառատունկից հետո պարոն Բաբայանի ուղեկցությամբ Ագրարայինի աշխատակիցները շրջեցին ընկերության այգիներում, որոնց հիմնադիրը Իզմիրլյան հիմնադրամն է։ Բացառապես նուշի այգիներ են, որոնցից առաջինը հիմնվել է 2019 թ․։ Այսօր ընկերության 800 հեկտար հողատարածքի 675 հեկտարը զբաղեցնում են նուշի 4 մշակաձեւերի ծառերը։ Անցյալ տարվանից սկսած, ընկերությունը նուշ է արտահանում Իսպանիա եւ Ռուսաստան։
Ագրարայինցիները մեծապես տպավորված էին Վանանդ ագրո ընկերության իդեալական այգիներից, այստեղ աշխատող մարդկանց մասնագիտական մակարդակից, աշխատանքային մշակույթից եւ Ագրարային համալսարանի հետ գործակցելու վանանդցիների ձգտումից ու հետեւողականությունից։ Վանանդ ագրոյի այգիների սահմանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանն է․ այս ընկերությունում լավ են հասկանում նաեւ սահմանապահ հզոր տնտեսություն լինելու պատասխանատվությունը։