Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա հայ ժողովրդի եւ Հայաստան պետության պատմության ծանրագույն էջերից մեկն էր, որ թերթեցինք պատմական կորուստներով՝ հաջորդիվ բախվելով բազում նոր մարտահրավերների՝ պաշտպանության, քաղաքականության, տնտեսության, ընդհուպ մինչեւ կրթության ոլորտներում։
Թշնամի պետությունների համատեղ սանձազերծած այդ աննախադեպ պատերազմում զոհված հազարավոր հերոսներից 44-ը մեր համալսարանի ուսանողներն էին։ Այսօր եւ միշտ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց բոլորի հիշատակին՝ հասկանալով նրանց արածի ոչ միայն հերոսականությունը, այլեւ նշանակությունը մեր երկրի ապագայի կերտման գործում։ Այսօր, ըստ էության, նրանց՝ մեր անմահացած եղբայրների, զավակների, համակուրսեցիների հիշատակի օրն է, եւ մենք հիշում ենք բոլորին՝ անուններով, բնավորություններով, խոսքով, ձայնով, նրանց հետ ապրած ամեն մի դասով ու դասամիջոցով․․․
Մեր բոլորի կամքն ու ցանկությունն է, որ յուրաքանչյուրս մեր տեղում ամենայն պատասխանատվությամբ լծվենք մեր գործին՝ հանուն հայրենիքի հզորացման․ սա նաեւ մեր կորցրած ընկերների պատգամն է, որ չհասցրեցին ձեւակերպել բառերով, բայց առարկայորեն ցույց տվեցին անօրինակ սխրագործությամբ ու անձնազոհ նվիրումով։
Այսօր Ազգային բանակի շարքերում շարունակում են ծառայել Ագրարային համալսարանի բազմաթիվ ուսանողներ։ Նրանք հավատարիմ են իրենց զինվորական երդումին եւ որպես Ագրարայինի ուսանողի՝ մեր համալսարանի արժեքներին՝ երկրի սահմանների պաշտպանության դիրքերում, ուսումնական վարժանքների ժամանակ եւ մարտական գործողություններ իրականացնելիս ու վարելիս։
Երկու տարի առաջ այս օրը, թերեւս, սկսվեց աշխարհի վերափոխման գործընթացի նոր ու նշանակալից փուլ։ Հայաստանը հերթական անգամ հայտնվել է այդ վերափոխման կիզակետերից մեկի դերում։ Կրթությունը վստահաբար մեր երկրի անվտանգության, առաջընթացի ու զարգացման կարեւորագույն կռվաններից մեկն է։ Ագրարային համալսարանում արվում է հնարավոր առավելագույնը՝ ընդհանուր ազգային նպատակներին հասնելու համար։ Եվ դա արվում է՝ նաեւ երախտիքի ու պատկառանքի զգացումով քառասունչորսօրյա պատերազմի մեր քառասունչորս անմահ հերոսների հանդեպ եւ հանուն այն իդեալների, որոնց համար նրանք տվեցին իրենց կյանքը։