Տվյալագիտության ամբիոնում իսկապես ինքնատիպ, խիստ յուրօրինակ աշխատաոճով մարդիկ են ի մի եկել: Բոլորն են այդպիսին, թե ոճն է վարակիչ՝ դժվար է ասել: Չնայած աշխատանքային լարված ժամանակացույցին նրանք միշտ պահ են գտնում խստապահանջ, բայց անչար ուշադրությամբ հետեւելու ուսանողների ինքնուրույն աշխատանքների, ՈՒԳԸ զեկուցումների որակին: Եւ որքան էլ բազմազբաղ, շատ արագ հավաքվում են, անթաքույց հիացմունքով-ուրախությամբ լսում են իրենց սաների խոսքը, հարցեր են տալիս, մատնացույց են անում շտկման կարոտ մասերը: Եւ նույն արագությամբ էլ, զանգի հետ, անէանում-ընկղմվում-տարալուծվում են լսարանային աշխատանքի մեջ:
Երեկ՝ մարտի 6-ին, մեծ դասամիջոցը դասախոսները սիրով նվիրեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սյուզն Համբարձումյանին: Նրան ՀՊՏՀ-ի քոլեջում դասավանդել է դոցենտ Սուրեն Կոսեմյանը: Մեր բուհում՝ Կոսեմյանի ստեղծած ամուր հիմքերի վրա կարեւոր գործը նույն հաջողությամբ շարունակում է տիկին Դոնարա Մանուչարյանը:
Թեման նվիրված էր բիզնեսի ոլորտում թվային տեխնոլոգիաների (արհեստական բանականություն, մեծ տվյալներ, մեքենայական ուսուցում, ամպային հաշվարկներ) կիրառմանը, դրանց շահեկան եւ խոցելի կողմերին, զարգացման միտումներին-հեռանկարներին: Ուսանողուհին համակողմանի էր դիտարկել նյութը, իսկ մատուցումն ուղղակի հրաշալի էր: Դրա վկայությունն էր թեկուզ այն, որ ներկայացվող թեմայից մղոններով հեռու մարդիկ էլ սիրով տեղեկացան այդ ամենի մասին:
Ամբիոնի վարիչ, դոցենտ Հակոբ Խաչատրյանը, բոլոր դասախոսները խրախուսեցին առաջին կուրսեցուն՝ բավականին հասուն հետազոտական աշխատանք կատարելու համար: Համոզված ենք, որ Սյուզնը նույն հաջողությամբ կներկայանա նաեւ ՈՒԳԸ առաջիկա գիտաժողովի եզրափակիչ փուլում: Ի վերջո, այդ առեղծվածային արհեստական բանականություն կոչվածը մարդու հոգսերը կթեթեւացնի՞, թե՞ նոր ու նոր խնդիրներ կստեղծի․ այս հարցի պատասխանը Սյուզնն ու իր սերնդակիցները կստանան: