Գիտական խորհիդի տարեվերջյան նիստը մեկնարկեց ՀԱԱՀ 95-ամյակի կապակցությամբ մի շարք աշխատակիցների՝ երկարամյա նվիրված եւ բարեխիղճ աշխատանքի եւ ուսանողների՝ համալսարանական եւ հասարակական ակտիվության համար պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնելու արարողությամբ։ Նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց արժանավոր պարգեւատրվածներին, որոնց ցուցակը բավականին երկար էր, իսկ մթնոլորտը՝ հաճելի։
Այնուհետեւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդես եկավ 2024-2025 ուստրվա շրջանավարտների ավարտական հարցախույզի արդյունքների մասին զեկուցմամբ։ Ամենամյա հարցման նպատակն է պարզել բուհը ավարտելու պահին շրջանավարտների բավարարվածությունը բուհում ստացած գիտելիքներից, կրթության կազմակերպումից, դասախոսական կազմից, ֆակուլտետների գործունեությունից, լսարանային պայմաններից եւ այլն, ինչպես նաեւ հավաքել ուսանողների առաջարկությունները։ Հարցմանը մասնակցել է 996 շրջանավարտների (առանց մասնաճյուղերի եւ քոլեջի) 46 տոկոսը։ Ուշագրավ եւ ընդհանուր առմամբ գոհացուցիչ շատ տվյալներ են արձանագրվել, սակայն նշենք միայն մի խոսուն փաստ․ համալսարանն ավարտելու պահին շրջանավարտների 87 տոկոսն արդեն աշխատում էր, ընդ որում՝ 23,3 տոկոսը՝ մասնագիտությամբ։ Իսկ ուսանողների վեր հանած խնդիրները քննարկման առարկա կդառնան Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունում եւ դեկանատներում։
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակատռուցվածքների պահպանման եւ զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումների՝ 2025 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունները ներկայացրին Ագրոկենսատեխնոլոգիաների գիտական կենտրոնի տնօրեն Անդրեաս Մելիքյանը եւ Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մոլիորացիայի ԳԿ տնօրեն Գայանե Գասպարյանը։
Ներկայացվեցին տարվա ընթացքում ԳԿ-ների տարբեր բաժինների կատարած աշխատանքները, դրամաշնորհային ընթացիկ ծրագրերը, տարբեր նախագծերի շրջանակներում սարքավորումների ձեռք բերման գործընթացը, տարբեր մշակաբույսերի նոր մշակաձեւերի փորձարկումների արդյունքները, շարք մտած նոր ենթակառույցները, ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցումները եւ ներգրավվածությունը ԳԿ-ների գիտական աշխատանքներում, ֆերմերներին օգնության աշխատանքները, հրապարակված, այդ թվում՝ միջազգային ազդեցության գործոն ունեցող գիտական պարբերականներում, հոդվածները, համագործակցության ընդլայնվող ցանցը եւ այլն։
Օբյեկտիվորեն գնահատելով կատարված եւ կատարվող մեծ ծավալի աշխատանքը, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը նկատեց, որ ոլորտի զարգացման վրա առարկայական ազդեցություն ունենալու նկատառումով դեռ շատ անելիքներ ունենք։ Այն պայմաններում, երբ աշխատաշուկայում մասնագիտական աշխատանքը հաճախ ավելի ցածր է վարձատրվում, քան ոչ մասնագիտականը, մեր առաջիկա անելիքների թիրախում պետք է լինի ամբողջ ոլորտի հասանելիության ապահովումը․ ինչ գիտական արդյունք ենք առաջարկում եւ՝ ում։
Հաշվետվություններից պարզ դարձավ, որ, մասնավորապես, կարտոֆիլի եւ ցորենի բարձրորակ տնկայութի եւ սերմացուի արտադրության լուրջ ներուժ կա՝ մեծ պահանջարկի եւ պետական մարմինների աջակցության հստակ ակնկալիքի պայմաններում։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը հուշեց պայմանագրային հիմունքներով գիտական արդյունքների առեւտրայնացման առարկայական հնարավորության, իսկ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունների հետ համագործակցության ընլդլայնման կարեւորության մասին՝ նշելով, որ առայժմ չի տեսնում այդպիսի ընդլայնում։
Գիտխորհուրդը քվեարկությամբ ընդունեց հաշվետվությունները։
Օրակարգային էր նաեւ «Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման եւ կայուն գյուղատնտեսության զարգացման միջոցառումների մշակում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ» նախագծի ներկայացումը։ Գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի զեկուցումը մեծապես հետաքրքրեց գիտխորհրդի անդամներին։ Նրա ղեկավարած գիտական խումբը, որի մեջ ընդգրկված են փորձագետներ նաեւ գործընկեր համալսարանններից, հաջողվել է թվային երկվորյակների տեխնոլոգիաների միջոցով ստանալ տնտեսագիտամաթեմատիկական մոդել, որի միջոցով գիտականորեն հիմնավորվում են, մասնավորապես, գյուղատնտեսական կոոպերացիայի նպատակով հողերի արդյունավետության բարձրացումը, կլիմայափոխությամբ պայմանավորված՝ Արատատյան դաշտում մշակաբույսերի տեղաբաշխումը եւ այլն։ 2026-ին շարունակվելիք նախագիծը եւ դրա շուրջ գիտխորհրդում ծավալված քննարկումը ողջունեց կենս․ գիտ․ դոկտոր Աստղիկ Փեփոյանը, իսկ ռեկտոր Զաքոյանը այն որակեց որպես խոստումնալից։ Գայանե Գասպարյանն առաջարկեց համալսարանի գիտական ստորաբաժանումների հետ համագործակցաբար գիտական առաջարկություն անել՝ նվազագույն խոցելիության նկատառումով։






































