Ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետի հարաճուն կարիքը․ աշխատանքի տոնավաճառ ՀԱԱՀ-ում

Երեկ՝ մայիսի 27-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի առաջին հարկի ճեմասրահում եւ համալսարանի հարակից պուրակում կայացավ Ագրարային համալսարանի 95-ամյա հոբելյանը նշանավորող եւս մեկ կարեւոր միջոցառում՝ աշխատանքի տոնավաճառ։

Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը իրականություն դարձավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում՝ ՀԱԱՀ-ի հետ գործակցությամբ։

Բացման խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունեց միջոցառման բազմամարդությունն ու ագրարային կրթությամբ հետաքրքրվածությունը։ Չնայած ոլորտի կրթության իրականացման գործում առկա դժվարություններին, նախարարությունը, որպես լիազոր մարմին, մեծ ծրագրեր է իրականացնում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար․ տիկին Սվաջյանը հիշեցրեց գերակա ճանաչված ագրարային մասնագիտական կրթական ծրագրերում ուսանողների համալրումը խթանող բարձր կրթաթոշակների մասին։ «Սա մի ճանապարհ է, որով մենք ուզում ենք երիտասարդությանը հուշել, որ ագրարային ոլորտի մասնագիտությունները պետության համար պահանջված են։ Այստեղ գտնվող գործատուները կհավաստեն, որ մասնագետների լուրջ կարիք ունեն, ընդ որում՝ բարձր վճարվող մասնագետի», – ասաց տիկին Սվաջյանը։ Կրթության որակի բարձրացման հարցում նախարարի տեղակալը կարեւոր համարեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում գրանցված առաջընթացը՝ մասնավորապես աշխատանքի վրա հիմնված (դուալ) կրթական ծրագրերի հաջողության առումով։ «Մենք շատ կարեւոր ենք համարում գործատուների հետ համագործակցությունը, որովհետեւ մասնագիտական կրթության ոլորտում անհնար է հասնել հաջողության առանց գործատուի, մասնավոր ոլորտի հետ գործակցության», – ասաց փոխնախարար Սվաջյանը եւ ուսանողներին հորդորեց պահանջկոտ եւ պատասխանատու վերաբերվել սովորելու գործընթացին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչության պետ Էդգար Հակոբյանն իր խոսքում շեշտադրեց «հարազատ» բուհի, կառավարության եւ ՄԱՎԵՏԱ ծրագրի դերակատարությունը ոլորտի՝ ժամանակակից գիտելիքներով ու հմտություններով զինված մասնագետների պատրաստման գործում, որոնք կհամալրեն նոր, արդիական հիմունքներով ձեւավորվող գյուղատնտեսական ու ագրոբիզնեսի ընկերությունների զարգացման, առաջմղման առաքելությունն իրականացնողների շարքերը։

ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ աշխատանքի տոնավաճառը ավելի հուսալի կամուրջ կստեղծի կրթության եւ գործատուի միջեւ։ «Ինչպես իր 95-ամյա պատմության ամբողջ ընթացքում, Ագրարային համալսարանն այսօր էլ, դժվարությունների միջով, շարունակում է ագրարային ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման իր պատվաբեր առաքելությունը», – ասաց պարոն Վարդանյանը։ Դուալ կրթության՝ երկրում առաջատար քոլեջի ղեկավարը տեղեկացրեց, որ քոլեջի 19 մասնագիտություններից 10-ը դուալ համակարգով է ուսուցանվում, ընդ որում պետության կողմից գերակա ճանաչված 5 մասնագիտություններից 4-ը դուալ են։ Քոլեջի՝ վերջին տարիների առաջընթացի հարցում անուրանալի է ԿԳՄՍ նախարարության եւ ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը, որոնց հասցեին պարոն Վարդանյանն իր առանձնահատուկ երախտիքն արտահայտեց, իսկ գործատուներին շնորհակալություն հայտնեց դուալ ծրագրի վստահ առաջընթացն ապահովելու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ ՄԱՎԵՏԱ-ի շրջանակում արդեն 3-րդ աշխատանքի տոնավաճառն է իրականացվում (նախորդ երկուսը տեղի են ունեցել Սյունիքի մարզում)։ «Տոնավաճառը լավագույն հնարավորությունն է մի կողմից երիտասարդների համար՝ գործատուների հետ հանդիպելու, թափուր աշխատատեղերին ծանոթանալու եւ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու, մյուս կողմից՝ գործատուների համար՝ որակավորված աշխատակիցներով աշխատատեղերը համալրելու տեսակետից», – ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս աշխատանքային տոնավաճառի կարեւոր նպատակներից մեկն էլ կանանց եւ խոցելի խմբերին կրթության գործընթացում ներգրավվելու կամ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն ընձեռելն է։ ՄԱՎԵՏԱ-ի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց գործատուներին՝ շահագրգիռ մասնակցության համար։

Միջոցառման չորս ու կես ժամվա ընթացքում հարյուրավոր ուսանողներ, երիտասարդ մասնագետներ հանդիպեցին գործատուների հետ, ծանոթացան թափուր աշխատատեղերին, զրուցեցին գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ, թողեցին իրենց տվյալները։ Մասնավորապես ծանոթացան իրենց բնակավայրերում կամ ոչ հեռու գործող ընկերություններում առկա աշխատատեղերին, գործարար կապեր հաստատեցին պոտենցալ գործատուների հետ։

Գլխավորապես ներկայացված էին այգեգործությամբ, կաթնամթերքի արտադրությամբ, ոչ ոգելից խմիչքի արտադրությամբ, գյուղմեքենայացման եւ խելացի գյուղատնտեսական ծառայություններով, անասնաբուժությամբ զբաղվող ընկերություններ։

Տոնավաճառն ուղեկցվեց ոլորտային տեսանյութերի ցուցադրությամբ, երաժշտական կատարումներով, ագրոդրոնների ցուցադրությամբ, ժամանցային ծրագրով եւ, անշուշտ, աշխատանք փնտրողների համար կազմակերպված երկու հատուկ սեմինարով․ ի դեպ, պետք է նշել դասընթացավար Շահանե Բեգլարյանի արհեստավարժությունը՝ ինքնակենսագրական փաստաթղթերի կազմման, հարցազրույցներին պատրաստվելու առարկայական խորհուրդները ուսանողների սեփականությունը դարձնելու հարցում։

Շնորհակալություն Ագրարային համալսարանի հուսալի գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալությանը, մասնավորապես ՄԱՎԵՏԱ ծրագրին՝ թե աշխատանքի տոնավաճառը բարձր մակարդակով կազմակերպելու եւ թե առհասարակ արդյունավետ համագործակցության համար։