Գիտխորհրդի սեպտեմբերի 26-ի հերթական նիստում, որը նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, օրակարգային առաջին հարցով (զեկուցող՝ Հ․ Զաքոյան) քննարկվեց եւ հաստատվեց Գիտական խորհրդի 2024-2025 ուստարվա աշխատանքային պլանը։
Երկրորդ հարցով ՀԱԱՀ ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2023-2024 ուստարվա տարեկան հաշվետվություններով։ Զեկուցողները, գիտխորհրդի որդեգրած գործելակերպի համաձայն, հպանցիկ կանգ առան ձեռքբերումների վրա, հիմնական ուշադրությունը հրավիրելով լուծելիք խնդիրների վրա։
Ըստ կրթական ծրագրերի ընդունելության ցուցանիշների էական բարելավումներն ակնհայտ են, ընդ որում, օրինակ՝ Ագրոնոմիականի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության դիմումների ռեկորդային ցուցանիշն արձանագրվել է՝ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ կառավարության հայտնի որոշումից անկախ։ Դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը արդարացիորեն հաջողությունը վերագրում է ագրոնոմիական մասնագիտությունների պահանջարկված լինելով։ Դեկանը բարձրացրեց նաեւ առաջադիմության բարձրացմանը, փորձուսուցման ժամկետներին եւ ձեւաչափին, գիտական արդյունքների տարածմանը, գյուղատնտեսական խորհրդատվության՝ որպես համակարգի ստեղծման կարեւոր խնդիրները։
Աշխատանքային կիսամյակի կայացած գործելակերպի բարելավման համատեքստում պարոն Զաքոյանը խոսեց փորձուսուցումների ժամանակ ուսանողին նեղ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ տալուն ուղղված ջանքերի անհրաժեշտության մասին։
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի հաղորդումից պարզ դարձավ, որ այս ֆակուլտետը եւս ընդունելության հարցում առաջընթաց է ունեցել եւ հիմքեր են ստեղծվել եկող ուսումնական տարում աճը շարունակելու համար։ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի տեխնիկական համալրումը ընթացքի մեջ է։ Մեկնարկում է Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման եւ Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրերը Կոլորադոյի Բոլդեր համալսարանի հետ։ Ճարտարագիտականում (եւ ոչ միայն այս ֆակուլտետում) լրջանում է դասախոսական համակազմի երիտասարդացման խնդիրը։
Դասախոսական կազմի երիտասարդացման եւ անգլերենի իմացության խրախուսման անհրաժեշտության մասին խոսեց նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ի թիվս վերը նշված հարցերի (ի դեպ առաջադիմության ցուցանիշներն այս ֆակուլտետում բավականին տպավորիչ են), հետաքրքրական տեղեկություն հայտնեց ֆակուլտետում անցկացված SWOT վերլուծության արդյունքներ մասին, որ արդյունավետ որոշումներ կայացնելու հնարավորություն է տվել դեկանատին։
Ընդունելության հարցում այս տարի ունեցած առաջընթացի համատեքստում պարոն Զաքոյանը շեշտադրեց կրթական ծրագրերի որակի բարձրացման խնդիրը։ Կարեւոր համարեց նաեւ նոր մասնագիտությունների գծով մասնագետների վերապատրաստման, երիտասարդների շրջանում նոր տեխնոլոգիաները ագրարային ոլորտում կիրառելու ցանկություն առաջացնելու («սա օրվա պահանջ է եւ համալսարանի՝ նորովի ներկայանալու ձեւերից մեկը»), բացի Ագրարային մենեջմենթից, կրկնակի դիպլոմ շնորհող նաեւ այլ կրթական ծրագրեր ներդնելու (առաջիկայում օրակարգային կդառնա գործընկեր Գայզենհայմի համալսարանի հետ գինու կրթական ծրագրով համատեղ դիպլոմի շնորհման հարցը), միջազգային կապերի ընդլայնման եւ օտար լեզուների տիրապետման մակարդակի բարձրացման միջոցով համալսարանի մրցունակությունն ու կայունությունը բարձրացնելու հարցերը։ Պարոն Զաքոյանն անդրադարձավ նաեւ կրթական ծրագրերը լայն հանրությանն ավելի արդյունավետ կերպով ներկայացնելու, դասախոսների ռեյտինգային վարձատրության համակարգ ներդնելու հարցերին։
Ընդունելության ռեկորդային ցուցանիշ գրանցած ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանի ասելիքը շատ էր, սակայն նա բավարարվեց տպավորիչ թվերի հակիրճ ներկայացմամբ․ քոլեջն ունի 1095 ուսանող՝ նախորդ տարվա 777-ի դիմաց․ ընդ որում, 488-ը համալրել է առաջին կուրսը։ «Այսպիսի գոհացուցիչ քանակի պայմաններում որակի հարցում սպասելիքները նույնպես մեծանում են», – նշեց պարոն Զաքոյանը։
Բոլոր մասնաճյուղերում ընդունելության ցուցանիշները բարելավվել են, ընդլայնվել է քոլեջների դուալ ծրագրով գործընկերների ցանկը, վարժարանում համալրումը բավարար է, ծնողներն ու երեխաները սկսել են ավելի ճիշտ կողմնորոշվել․․․
Պարոն Զաքոյանը նիստն ավարտեց հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության՝ Պարենի համաշխարհային օրը ՀԱԱՀ-ում անցկացնելու մասին որոշման մասին լուրով։ Հանձնարարեց պատշաճ կերպով նախապատրաստվել միջազգային կարեւոր իրադարձությանը։