Էրազմուսյան հյուրեր Պորտուգալիայից եւ Իտալիայից

2023 թ․-ի հունիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Իտալիայի Տերամոյի համալսարանից  մեր գործընկերներին։

Մեր հյուրերն էին Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի  միջազգային հարաբերությունների գրասենյակի պետ Ժոա Պեդրո Մարտինս դա Լուզը, Էրազմուս ծրագրի հաստատութենական համակարգող Կոնսեսաու Մարիա Բապտիստան եւ Տերամոյի համալսարանի կենսաբանական գիտությունների, սննդի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի բաժնի դոցենտ Մոնիա Պերուջինին։ Նույն շաբաթ ՀԱԱՀ էր այցելել նաեւ Իտալիայի Տուշայի համալսարանի Էրազմուս+ ծրագրի Հայաստանի համակարգող Անժելա Ֆատորետին։

Մեր գործընկերները Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակից Զարինե Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ ծանոթացան տարբեր ենթակառույցներին՝ հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիային, գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիային, ընթերցասրահին, ջերմատանը եւ այլն։ Այնուհետեւ հանդիպեցին ՀԱԱՀ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանի հետ, որը հյուրերին ներկայացրեց ՀԱԱՀ Էրազմուսյան 2015-2021 թթ․ լավագույն փորձը։ Հյուրերին մեծ հետաքրքրությամբ լսեցին ՄԿԴ պետին եւ հետաքրքրվեցին, մասնավորապես, շարժունության կառավարմանը վերաբերող տարբեր հարցերով։

Քանի որ պրոֆեսոր Ժոա Պեդրո Մարտինս դա Լուզի հետազոտական եւ ակադեմիական ոլորտը բույսերի պաշտպանությունն է ու բուսաբանությունը, պորտուգալացի գործընկերը մասնագիտական քննարկում ունեցավ նաեւ ՀԱԱՀ այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հետ։

Մոնիա Պերուջինիի հետազոտական ու ակադեմիական ոլորտն առնչվում է թունաբանությանը եւ դեղաբանությանը, ուստի նրա հետ քննարկվեցին հատկապես սննդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը եւ թունաբանական վերլուծությանն առնչվող հարցեր։

ՀԱԱՀ-ի  իրականացրած փոխանակման ծրագրերի տեսանելիությունը բարձրացնելու նպատակով Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանի օժանդակությամբ պատրաստվեց տեսանյութ Անժելա Ֆատորետիի հետ, որի ընթացքում Անժելան խոսեց Տուշայի համալսարանի եւ հայաստանյան համալսարանների համագործակցության մասին, սննդաբան Դավիթ Պիպոյանը խոսեց Տուշայի համալսարանի հետ իրականացված ծրագրերի մասին, իսկ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը որոշ կարեւոր տվյալներ ներկայացրեց ՀԱԱՀ  իրականացրած շարժունությունների վերաբերյալ։

Իտալացի եւ պորտուգալացի հյուրերն անմասն չմնացին նաեւ մշակութային այցելություններից ու հայկական խոհանոցին ծանոթանալու հնարավորությունից։ Մասնավորապես, պարոն Համբարձումյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարվեց Սարդարապատի հուշահամալիր եւ ազգագրական թանգարան, ինչպես նաեւ՝ Սբ․ Էջմիածին։