Օրերս հյուրընկալեցինք Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի «Այգեգործություն» մասնագիտության սովորողներին՝ կուրսղեկ Աննա Մինասյանի գլխավորությամբ։ Տիկին Մինասյանը եը ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը ապագա այգեգործների համար մասնագիտական կողմնորոշման համեմատաբար կարճ, բայց խիստ նպատակային ծրագիր էին նախատեսել։
Աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, Ագրարային համալսարանում ուսումը շարունակելու հեռանկարներին եւ համալսարանական միջավայրին ծանոթացնելուց հետո տիկին Ատալյանը վաղարշապատցի ուսումնարանականներին ուղեկցեց Գարեջրագործոթյան եւ խմորման, Օրգանական գյուղատնտեսության եւ Անտառագիտության լաբորատորիաներ։
Ուսումնարանի սաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բոլոր լաբորատորիաներում իրենց հրամցված մասնագիտական տեղեկությունների, ցուցադրված սարքավորումների եւ համապատասխան մասնագիտություններով ուսումը Ագրարային համալսարանում շարունակելու հնարավորությունների հանդեպ։ Ակնհայտ է, որ երիտասարդներն արդեն հասկանում են ագրարային մասնագիտությունների կարեւորությունը մեր երկրի եւ իրենց հետագա մասնագիտական հնարավոր ճանապարհի համար։ Ակնհայտ է նաեւ, որ այսպիսի կողմնորոշման, ապագա մասնագիտությունը սիրել տալու հարցում լուրջ ջանքեր է գործադրում ուսումնարանի մանկավարժական հանրույթը։
Երիտասարդների հետագա ընտրությանը մեծապես կօգնեն նաեւ ագրարային մասնագիտություններով ՀԱԱՀ ուսանող դառնալուց հետո էական կրթաթոշակ ստանալու հնարավորությունը։





















