Երեկ՝ հուլիսի 8-ին, հյուրընկալել էինք ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, մեր բուհի լավագույն շրջանավարտներից Տաթեւիկ Սարգսյանին, նույն հաստատության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանին, ձկնաբուծության եւ մեղվաբուծության բաժնի պետ Անուշ Աբրահամյանին: Անասնաբուժական ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանը, Մարիամ Մովսիսյանը, ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը (այս ընգրկուն նախագծի համակարգող) հյուրերին ներկայացրին ԵՄ ֆինանսավորմամբ AFISHE Էրազմուս+ ՀԳ2 (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) հանրային առողջության տեսանկյունից շատ կարեւոր ծրագրի շրջանակում ստեղծված գերժամանակակից լաբորատորիայի հնարավորությունները, որոնք կարող են ի սպաս դրվել ձկնաբուծական տնտեսությունների շահառուների համար: AFISHE-ի անմիջական արդյունքն է, որ մեր մասնագետները բծախնդրորեն ստեղծեցին «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական ծրագիրը: Ջրի որակի եւ այլ չափորոշիչների համակողմանի ստուգման համար նախատեսված լաբորատոր եւ շարժական սարքեր, մանրադիտակներ, մի խոսքով՝ մասնագետի համար լավագույն պայմաններ հետազոտություններ կատարելու, վերապատրաստումներ իրականացնելու համար: Ի դեպ, արդյունավետության բարձրացման տեսակետից շատ կարեւոր դեր կարող է խաղալ նաեւ հետադարձ կապը՝ արտադրության գիտակների արձագանքը: Չէ՞ որ երբեմն չնախատեսված նրբերանգներ տեսանելի են դառնում անմիջական աշխատանքի ընթացքում: Տիկին Սարգսյանը գոհունակությամբ ուսումնասիրեց հնարավորությունները եւ համոզված էր, որ համագործակցության լայն հնարավորություններ են բացվում: Փոխնախարարը նաեւ կարեւոր առաջարկություններ արեց կապված մեր ուսումնական ծրագրերի հետ. ըստ մասնագիտությունների ուսանողներին խորապես ներկայացնել օրենսդրական դաշտն ու կարգավորումները: Մի գործիքակազմ, որ մասնագետ դառնալու, ձեռներեցությամբ զբաղվելու դեպքում անդադար պետք է գալու: Բնականաբար, վատ իմացությունն էլ խանգարելու է: Իրենց վստահված ոլորտը լավ ճանաչող, գիտակ մասնագետների հանդիպում էր, որ փոխըմբռնման, մեկմեկու արածը գնահատելու վկայություն էր, եւ արդյունավետ համագործակցության նախապայման:

- 09/07/2025
- 2025