Ավելի քան երեք տասնյակ լաբորատորիաներից մեկը. բուհը միշտ արտադրողի կողքին է

Ագրարայինում նոր մեկնարկած՝ օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի նախապատրաստական բոլոր փուլերին անդրադառնալու, մեր ընթերցողներին պարբերաբար տեղեկացնելու առիթներ ունեցել ենք: Պատմել ենք նաեւ այդ ծրագրի շրջանակում հիմնված-կահավորված լաբորատորիայի (աշխատանքը համակարգում է գ.գ.թ. Լուսինե Երիցյանը) մասին, որը ապահովված է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հողի-ջրի-բույսի քիմիական անալիզներ իրականացնելու համար:

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գ. գ. թ., դոցենտ Գագիկ Թովմասյանը տեղեկացրեց, որ մագիստրանտներն արդեն հետազոտական աշխատանքներ են կատարում լաբորատորիայում, որի հնարավորություններն, ի դեպ, շատ ավելի մեծ են, մեծ է ներուժը:

Համալսարանը այսօր բոլոր հնարավորություններն ունի ստեղծված նորագույն հետազոտական կենտրոնները առեւտրայնացնելու համար: Ի վերջո, դա նշանակում է շատ մատչելի լինել փոքրից մինչեւ խոշոր արտադրողների համար, ֆերմերների կողքին լինել, աջակցել ծառացած բնապահպանական, կենսաբանական խնդիրների լուծումները գտնելուն: Սա կրթություն-գիտություն-արտադրություն անքակտելի կապի հրամայականն է:

Արդեն համագործակցության առաջին հաստատուն քայլերն արված են եւ հուսով ենք այն ընդլայնվելու, ավելի խորը եւ համակողմանի դառնալու միտում կունենա: Ֆերմերը միշտ պետք է համոզված լինի, որ ագրարայինցիները իրենց նեցուկ կարող են լինել: