Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, ինչպես միշտ, հետաքրքիր էր եւ յուրահատուկ։ Այնուամենայնիվ, այս տարի մագիստրանտներն էլ ավելի առանձնացան այն իմաստով, որ հանձնաժողովի փորձառու, ոլորտում հայտնի փորձագետ անդամների հետ պարզապես ծավալեցին մասնագիտական-գիտական-գործնական երկխոսություն եւ փորձի փոխանակում։
Բարձր մակարդակի քննարկման առարկա դարձած թեզերի թեմաները, առանց բացառության, հրատապ են, իսկ մագիստրանտների հետազոտությունների արդյունքներն այսօր իսկ արտադրություն մտնելու մեծ ներուժ ունեն․ որոշ արդյունքներ արդեն արտադրության փուլում են։ Հայկական գինեգործության «Կախանի» մեթոդի ուսումնասիրության արդյունքներից մինչեւ կոնյակի հիմքով եւ մրգային հավելումներով ըմպելիքներ, սորտային գինիների համահոտային հատկանիշների վրա սոսնձանյութերի ազդեցությունից մինչեւ խաղուն գինիներ, կաղնու տաշեղներով արագացված հնացումից մինչեւ թրմեցման միջոցով սպիտակ գինիների արտադրության տեխնոլոգիա, ավանդական կարասներում եւ պահամաններում գինենյութի հնացման համեմատություն եւ այսպես շարունակ։
Որքան էլ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը վերջին տարիներին մեզ բոլորիս «վարժեցրել» է մագիստրանտների բարձր մասնագիտական կարողություններին, պարզվում է՝ հաճելիորեն զարմացնելը շարունակում է մնալ նրանց օրակարգում։
Հանձնաժողովի նախագահ Լուսինե Շահինյանը եւ մյուս հանձնաժողովականները մագիստրանտներին վերաբերվում էին որպես կայացած գործընկերների, իսկ երիտասարդ մասնագետներին ուղղված մանրակրկիտ հարցերը ավելի շատ միտված էին նրանց բերած համարձակ նորույթները ավելի լավ հասկանալուն։ Իսկ ավագի խորհուրդը դեռ ոչ մեկին չի խանգարել, ոլորտի հայտնի փորձագետների խրախուսական խոսքերն ու հաճախ անթաքույց հիացմունքն էլ իրենց կարեւոր դերն ունեն։
Թեզերի այս պաշտպանության համար գեղեցիկ բնաբանի նման հնչեց հանձնաժողովի անդամ, տեխ․ գիտ․ թեկնածու Ծերուն Վիրաբյանի խոհական եզրակացությունը․ «Երանի ձեզ, որ նոր եք սկսում»։
Մագիստրանտների այսօրվա հաջողությունը թե իրենց՝ ուսանողների եւ թե նրանց դասախոսների, ղեկավարների եւ դեկանի տարիների հետեւողական, ստեղծագործ ու նպատակային աշխատանքի արդյունքն է։ Ուսանողներն ամենուր՝ թե համալսարանում եւ թե փորձուսուցումների վայրերում ու ընդհանրապես ոլորտում, փնտրել ու սիրով օգտվել են փորձառու մասնագետների կարծիքներից ու խորհուրդներից․ սա է մասնագետ դառնալու ճանապարհը։
Աշխատանքի արդյունավետությանը մեծապես նպաստել են լաբորատոր անալիզները, որոնք ուսանողներն անխոչընդոտ իրականացրել են թե մեր գործընկեր ձեռնարկությունների՝ աշխատանքային կիսամյակների անցկացման վայրերի, եւ թե համալսարանի ու Ի Վի Էն գինու ակադեմիայի մասնագիտացված լաբորատորիաներում։
Մագիստրանտների մեծ մասն արդեն ոլորտում է՝ գինեգործ, կոնյակագործ, տեխնոլոգիական լաբորատորիաների պատասխանատու եւ այլն։ Մյուսները վստահաբար ոլորտ մտնելու եւ իրենց խոսքն ասելու շեմին են՝ այլ կերպ չի լինում մեր շրջանավարտների պարագայում։
Նրանցից մեկն էլ կենսաքիմիկոսի 40 տարվա փորձով եւ մեղմ ասած՝ երիտասարդական ավյունով Սոնյա Սիմոնյանն է, որ առանձնակի ոգեւորությամբ է ընդունվել ՀԱԱՀ մագիստրատուրա եւ ավարտում է՝ մասնագիտական գործունեությունը սկսելով սեփական կոնյակի հետաքրքիր տեսականիով։