Եվս մեկ հուսալի գործընկեր ագրոբիզնեսի ոլորտում՝ Փարիզյան սուրճ ֆակտորի

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին գործակցային հուշագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հովսեփյանը: Ուսումնական, գիտական գործունեություն, համատեղ ծրագրերի իրականացում նախատեսող հուշագրից բացի ստորագրվեց նաեւ պայմանագիր ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցում անցկացնելու վերաբերյալ:

Ռեկտոր Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով համալսարանի եւ Փարիզյան սուրճ ֆակտորիի այն աշխատակիցներին, որոնք հող են նախապատրաստել համագործակցության այս հնարավորության համար, համոզմունք հայտնեց, որ հայաստանյան ագրոբիզնեսում իր ուրույն տեղն ապահոված ընկերության հետ վերոնշյալ ավանդական ընդգրկմամբ գործակցությունը փոխշահավետ կլինի, մասնավորապես՝ աշխատանքային կիսամյակի հաջող իրականացման պայմաններում:

«Մենք շոյված ենք, որ Ագրարային համալսարանն իր գործընկերների ցանկ է ներառել մեր ընկերությունը: Թեʹ մեր գործարանի տեխնոլոգիական ամենաարդիական հագեցվածությամբ ու որակի բարձրագույն միջազգային չափորոշիչներով եւ թեʹ մեր աշխատակազմի որակավորմամբ ու բարյացակամությամբ մենք արժանավայել պայմաններ կստեղծենք Ագրարային համալսարանի ուսանողների փորձուսուցման եւ հնարավոր աշխատանքի համար»:

Պարոն Հովսեփյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սիրանուշ Ալթունյանին՝ համագործակցության կայացման հարցում առանցքային դերակատարում ունենալու համար:

Ստեղծվող գործընկերության վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:

Երկրի բարձրագույն կրթության համակարգում մեր համալսարանի կողմից ներդրվող նորույթի՝ աշխատանքային կիսամյակի կարեւորության մասին տիկին Վարդանյանի դիտարկմանը պարոն Հովսեփյանը դրականորեն արձագանքեց, նշելով, որ ողջունում է նորարարական այս գաղափարը եւ որ Փարիզյան սուրճը սիրով կընդունի մեր ուսանողներին եւ գործնական մասնագիտական փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություններ կընձեռի նրանց:

Պարոն Հավսեփյանը եւ ռեկտոր Ուռուտյանը փոխանակեցին երկուստեք հպարտության առարկա հանդիսացող իրենց արտադրանքը՝ Փարիզյան սուրճ ֆակտորիի հայտնի համեղ սուրճը եւ մեր՝ հայտնի դարձող անուշահամ «Սերունդ» գինին:

Այցի ավարտին հյուրերը Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանի օգնությամբ հաճույքով ծանոթացան ՀԱԱՀ հացի, հրուշակագործության եւ շոկոլադագործության լաբորատորիային: