Ապրիլի 19-ին Վան Արդի ՍՊԸ-ում տեղի է ունեցել Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ կրթական ծրագրով սովորող Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ խաղողի այգու խնամքի վերաբերյալ ուսուցողաճանաչողական բաց դաս, որը նախաձեռնել էր այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ., դոցենտ Բելլա Գրիգորյանը:
Դասին մասնակցում էին նաեւ քոլեջի փոխտնօրենները, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մերի Վարդանյանը, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Արտեմ Օհանյանը:
Սա լավ հնարավորություն էր, որ մեր սաները տեսական գիտելիքները ամրակայեն գործնականում: Վազերը աչքերի բացման փուլում էին, ուսանողները տեսան այս շրջանում իրականացվող խնամքի, նոր հիմնվող այգու աշխատանքները, երկաթյա հենասյունային համակարգի առանձնահատկությունները, վազերի ձեւավորման կորդոն համակարգը, այգում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները՝ կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, ուսանողները ուսումնասիրեցին նաեւ խաղողից մինչեւ գինու շշալցման շղթայի ողջ համապատկերը:
Բնականաբար, շատ հագեցած օր է եղել: Ուսանողները, շատ ոգեւորված էին: Իսկ իր գործին անմնացորդ նվիրված տիկին Գրիգորյանը վերջում շեշտեց.
-Շնորհակալություն ենք հայտնում Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանին՝ այցի կազմակերպմանը աջակցելու, Վան Արդի ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Մուրադյանին՝ ջերմ ընդունելության, զբոսավար Սեւակին՝ բոլոր գործընթացները (այգում, գործարանում) մանրամասն, հետաքրքիր եւ սիրով ներկայացնելու համար: