Դուալ ուսուցմանը նախապատրաստվելիս․ քոլեջի ուսանողները մսահաց են պատրաստում լաբորատորիայում

Առաջին մասնաշենքի՝ մսամթերքի վերակառուցված փորձացուցադրական լաբորատորիան, թեեւ դեռեւս սարքավորումներով համալրման փուլում է, բայց արդեն օգտագործվում է ուսանողների գործնական դասերի անցկացման նպատակով։ Լաբորատորիան այս անգամ զբաղեցրել էր Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի՝ դուալ կրթական ծրագրով սովորող ուսանողների մի խումբ՝ Ագրարային համալսարանի հայտնի մսահացը պատրաստելու նպատակով։

Այս գործնական դասը դուալ ծրագրի շրջանակում հերթական փորձուսուցման գնալուց առաջ նախապատրաստական քայլերից մեկն էր, որ, ի դեպ, հենց ուսանողներն էին նախաձեռնել։ Մինչ այդ, պատրաստել եւ լաբորատորիայի սենյակներից մեկում համապատասխան ջերմախոնավային պայմաններում պահպանման են դրել հավի աղաչորացված կրծքամիս, որի մասին եռանդով բացատրեցին, որ դա ամենեւին էլ բաստուրման չէ՝ չնայած արտաքին նմանությանը․․․

Գործնական պարապմունքը դուալ, այն է՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ոչ միայն բնորոշ, այլեւ շատ արդյունավետ ու հետաքրքիր օրինակ էր․ լաբորատորիայում հավասար գործընկերներ էին ուսանողները եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի իրենց «գործընկերները»՝ տեխ․ գ․թ․, դոցենտ Էմմա Սահակյանն ու նրա երբեմնի ուսանողներ՝ ասիստենտ Քրիստինե Ղարիբյանն ու մասնագետ Լուսինե Հովսեփյանը։ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի եւ ամբիոնի երախտավոր տիկին Սահակյանն ու երիտասարդ գործընկերներն ըստ էության խնդիր չունեցան գործնական դասի ժամանակ, քանի որ տեսական հիմքը ուժեղ էր։ Մսահացի թխման բոլոր փուլերում ուսանողները հետեւեցին էմուլսիայի պատրաստման, ջերմային ռեժիմի պահպանման բոլոր կանոններին, չէին մոռացել համտեսի թերթիկները՝ ամեն ինչ իր հերթին։

Մի բան հստակ է՝ ամբիոնի եւ քոլեջի օրգանական կապը չէր կարող չտալ եւ տալիս է լավ արդյունքներ, իսկ համալսարանի սեփական ենթակառույցները դուալ ուսուցմանը նախապատրաստվելու նպատակով օգտագործելով՝ միայն կբարելավենք գործատուների շրջանում մեր ուսանողների «տեսանելիության» բարձրացմանը։ Համալսարանը թե Երեւանում եւ թե մարզային մասնաճյուղերում ու ուսումնափորձարարական տնտեսություններում ունի բազմաթիվ ենթակառույցներ, որոնց ներուժը կարելի է ավելի լայնորեն օգտագործել նաեւ այս նպատակի համար։

Հայաստանի ՄԿՈՒ համակարգում ամենամեծ թվով դուալ կրթական ծրագրեր իրականացնում է հենց Ա․ Քոչինյանի անվան քոլեջը, ընդ որում դուալ ծրագրով սովորող ուսանողների 40 տոկոսն աշխատանքի առաջարկ է ստանում գործատուներից։