Ապրիլի 16-ին Վան Արդի ՍՊԸ-ում տեղի ունեցավ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ կրթական ծրագրով սովորող «Խմորման արտադրություն եւ գինեգործություն», «Խաղողագործություն եւ գինեգործություն» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ խաղողի այգու խնամքի վերաբերյալ ուսուցողաճանաչողական բաց դաս, որը նախաձեռնել էր Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանը: Դասին մասնակցում էին նաեւ քոլեջի փոխտնօրեններ Էթերի Խաչատրյանը, Կարինե Զաքարյանը:
Մասնակիցները այգում ամփոփել են լսարանում անցած տեսական գիտելիքները: Քանի որ վազերը աչքերի բացման փուլում են, ուսանողները ծանոթացել են այս շրջանում կատարվող խնամքի աշխատանքին, այգում կիրառվող երկաթյա եւ փայտյա հենասյունային համակարգի առանձնահատկություններին, վազերի ձեւավորման կորդոն եւ գյուո համակարգերին: Տեսել են այգում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները՝ կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, ծանոթացել են նաեւ խաղողից մինչեւ գինու շիշ շղթային: Բնականաբար ուսանողները շատ ոգեւորված էին հագեցած օրվա տպավորություններից, հնչեցրին զանգը՝ իրենց դրական էներգիան փոխանցելով այգուն:
Հատուկ շնորհակալություն Վան Արդի ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանին, ինչպես միշտ՝ ջերմ ընդունելության համար: