Անտոն Քոչինյանի քոլեջի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վարդան Վարդանյանի խոսքերն են վերնագրում, որոնք վկայում-արձանագրում են խորհրդային (ոչ վատ) կրթության գլխավոր թերությունը՝ լսարանի եւ մասնագետի ապագա գործունեության ասպարեզի միջեւ խզումը: Կապ չկար: Ավարտում էինք ու գնում… ամեն ինչ տեղում զրոյից սկսել-սովորելու: Մինչդեռ, աշխարհը 500 տարի եւ ավելի առաջ հայտնաբերել էր, հատկապես կիրառական գիտությունների դեպքում՝ տեսության եւ գործնական հմտությունների միասնականությունը: Անբաժանելիությունը: Դուալ կրթությունը արմատապես փոխում է մասնագիտական կրթության կազմակերպման փիլիսոփայությունը: Եւ մենք երկրում առաջիններից ենք:
Մարտի 20-ին, քոլեջի տնօրենությունը հրավիրել, ի մի էր բերել եռամիասնության կողմերին՝ բուհ-ուսանող-ծնող: ԳՏ-3-րդ՝ շատ հրաշալի կուրսեցների համար մեկնարկում է երկարատեւ փորձուսուցման շրջանը` հինգ մոդուլով, որոնք իրականացնելու են տարբեր ընկերություններում: Եւ գործատուների գնահատականները էական ազդեցություն կունենան (50 x 50) վերջնական գնահատականի վրա:
– Օրագրերը ուշադիր եւ կանոնավոր կլրացնեք, կհետեւեք ավագների խորհուրդներին, ես եւ Անի Սուքիասյանը պարբերաբար կայցելենք, կհետեւենք ձեր հաջողություններին,- ուսանողներին հորդորում է փոխտնօրեն Լիլիթ Սարոյանը:
Երիտասարդները պետք է տեղյակ, նաեւ պատրաստ լինեն սիրելի մասնագիտության պակաս ռոմանտիկ կողմերի մասին, որոնք նույնպես հմտություններ են պահանջում: Նրբերանգներ կան, որ պետք է իմանաս, առանց տրտնջալու:
-Ես Գրետան եմ, ավարտել եմ Ագրարայինի այս նույն մասնագիտության բակալավրիատը, մագիստրատուրան ավարտելուց հետո Երեւանի շամպայն գինիների գործարանում աշխատանքս սկսել եմ բանվորի հաստիքից․ այսօր լաբորատորիայի վարիչ եմ եւ հենց այդ փորձառությունն էլ օգնել է, որ լավ ճանաչեմ արտադրության ողջ գործընթացը: Հիմա դուստրս է սովորում այս կուրսում եւ հրաշալի է, որ մասնագիտությունը ճանաչելու գործընթացը ավելի վաղ է սկսվում՝ բուհից: Սիրելի երիտասարդներ, կանոնավոր-ուշադիր-հետաքրքրությամբ յուրացրեք ձեր-մեր ոլորտի բոլոր յուրահատկությունները, սա անփոխարինելի է մասնագետի կայացման գործում:
Հանդիպումը հետաքրքիր էր: Կողմերի՝ իրար լսելու, հարցը բոլոր դիտանկյուններից քննարկելու տեսակետից: Եւ ակնհայտ – «աչք էր հանում» մի հանգամանք՝ եռամիասնության լիակատար փոխըմբռնումը: Եւ յուրաքանչյուրբն իր գործն է անում հանուն ապագա մասնագետի կամ մասնագետի ապագայի։






















