Դուալի օրեր-2․անքակտելի համագործակցություն ծնողների հետ, ցանկալի է՝ հետադարձ կապով

Օրեր առաջ մենք լավ հնարավորություն ունեցանք ներկայացնելու դուալ կրթության հավասարակողմ եռանկյունու (բուհ-սովորող-գործատու) դիրքորոշումները-դիտարկումները-լուծման կարոտ մանրուքները: Օրինակելի քննարկում էր:

Այսօր՝ փետրվարի 16-ին, գործնական հանդիպում էր դուալ համակարգով սովորողների (գինու, մսի, կաթի եւ պահածոյացման տեխնոլոգիաներ մասնագիտությունների) ծնողների հետ: Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, փոխտնօրեն Լիլիթ Սարոյանն ու փորձուսուցումների կազմակերպման պատասխանատու Անի Սեդրակյանը հանգամանորեն ներկայացրին կրթական ծրագրերի իրականացման այս՝ մեր երկրի համար նոր համակարգի առանձնահատկությունները, առավելություններն ու մարտահրավերները:

Կարեւոր է, որ ծնողներն ու երիտասարդները տեղյակ լինեն, որ փորձուսուցումը՝ լինի արտադրական, թե ուսումնական, ձախողելու դեպքում ուսանողը պարզապես հեռացվում է բուհից, քանզի, ի տարբերություն ակադեմիական առարկաների, վերահանձնելու հնարավորություն չի տրվում: Աշխատանքային այս շրջանը մասնագետ դառնալու ճանապարհին թերեւս ամենակարեւորն է, եւ պատահական չէ, որ վերջնական գնահատականը ձեւավորվում է նաեւ գործատուի ձեռամբ:

Փորձուսուցումը հնարավորություն է, որ երիտասարդները տեղյակ լինեն ու չխորշեն, չխուսափեն իրենց մասնագիտության նաեւ «սեւ» աշխատանքից ու «իրատեսորեն», սթափ սիրեն ոլորտը, որին պատրաստվում են նվիրվել: Գինու տեխնոլոգիա դուալ կրթական ծրագրով երրորդ կուրսեցիներ Հարությունն ու Մանեն ներկայացրին իրենց հաջողության պատմությունները:

Աշխատանքային փորձուսուցման վայրերն ընտրելիս տնօրինությունը ջանում է, որ հնարավորինս հարմար լինի ուսանողին, այն համաձայնեցվում է ծնողների հետ: Լիլիթ Սարոյանն ու Անի Սեդրակյանը պարբերաբար, անսպասելի այցելում, հանդիպում են գործատուների եւ երիտասարդների հետ: Հետաքրքրվում են հաջողություններով եւ շտկման կարոտ խնդիրներով: Սակայն անհրաժեշտ է, որ ծնողները եւս անդադար իրենց ուշադրության ծիրում պահեն եւ հետեւեն փորձուսուցման հաջող ընթացքին:

Ծնողները բազմաթիվ հարցեր ուղղեցին եւ սպառիչ պատասխաններ ստացան եւ մեկ անգամ եւս համոզվեցին, որ հետադարձ կապը անհրաժեշտ պայման է, որ պատանիների կրթությունը լիարժեք լինի: