Մեր ընթերցողները տեղյակ են, որ համալսարանում մեկնարկել է դասալսումների ընդգրկուն գործընթաց, որի նպատակը որակի ներքին վերահսկումն է. հատկապես լավագույն փորձի բացահայտումն ու հանրայնացումը:
Երիտասարդ, բայց գիտակ ու հմուտ դասախոս՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Արփինե Աղաբաբյանին հենց այսպես կբնութագրեինք: «Անասնաբուծական մթերքների ստանդարտացում» առարկայի դասաժամը՝ ՊՓ-4-ում անցավ ակնթարթի պես մի պարզ պատճառով. թեման՝ «Պանիր: Ստանդարտ ցուցանիշներ: Որակի գնահատում», հետաքրքիր էր մեր՝ իբրեւ սպառողների տեսակետից: Ուսանողներն էլ էին հետաքրքրված, լավ իմաստով աշխույժ, դասի մեջ միանգամայն ներգրավված:
Տեսական հարցերը ինտերակտիվ միջոցներով դիտարկելուց հետո անցան լաբորատոր փորձաքննությանը: Երիտասարդները հմտորեն էին աշխատում, որը վկայում է, որ քաջատեղյակ են ու լավ ծանոթ փորձանոթների, ռեակտիվների, սարքերի կիրառման բոլոր նրբություններին՝ ընդհուպ մինչեւ աշխատանքի անվտանգությունը:
Մինչ աղջիկները տնավարի-կոկիկ, տարածքը մաքուր պահելով փորձն էին իրականացնում, տղաները գրատախտակին գրեցին բանաձեւը, տեղադրեցին ստացված տվյալները, հաշվարկները կատարեցին:
Տպավորությունը գոհացնող էր, շատ լավ: