Այսօր՝ հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Արսի-Ագրոհոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Սինանյանը ստորագրեցին գործակցային հուշագիր։ Հանդիպմանը ներկա էր Ջրային ռեսուսրների կառավարման ամբիոնի վարիչ, ԳԳԴ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը։
Հուշագրով նախատեսվում է ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի գործունեության արդյունավետության բարելավման նպատակով համատեղ իրականացնել ջրային եւ հողային պաշարների կառավարման, ոռոգման, մելիորացիայի, ջրամատակարարման ոլորտներում դաշտային հետախուզական, նախագծային, խորհրդատվական եւ գիտահետազոտական աշխատանքներ եւ ուսումնասիրություններ՝ օգտագործելով նաեւ համալսարանի լաբորատոր բազան։ Բացի այդ, հուշագիրը կարգավորում է համալսարանի ուսանողների փորձուսուցումների անցկացումը Արսի-Ագրոհոլդինգում, դասախոսների վերապատրաստումը Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ համալսարանի տարածքում Հայ-իրանական ագրոտեխնոլոգիական հետազոտական կենտրոն-լաբորատորիայի ստեղծումը՝ համատեղ խորհրդատվական, հետազոտական, կրթական եւ կիրառական ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Այս հուշագիրը լավ խթան կհանդիսանա՝ կյանքի կոչելու գործակցության այն բոլոր ուղղությունները, որ մենք նախապես քննարկել եւ համաձայնեցրել ենք պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի եւ ռեկտոր պարոն Ուռուտյանի հետ։ Կարեւոր եմ համարում ուսանողների փորձուսուցման բաղադրիչը, ընդ որում կան ուսանողներին արտերկիր՝ Իրան գործուղելու հնարավորություններ՝ զարգացած գյուղատնտեսության երկիր, որտեղ նրանք վստահաբար շատ բան ունեն ուսանելու»,- ասաց պարոն Սինանյանը, հավելելով, որ առհասարակ Իրանի փորձը (օրինակ՝ տնկարանային տնտեսությունների վարման) կարող է կարճ ժամանակում լավ արդյունքներ տալ։
Պրոռեկտոր Զաքոյանը ողջունեց գործակցության հերթական կարեւոր հնարավորությունը։ «Ուրախալի է, որ Արսի-Ագրոհոլդինգ ընկերության մտադրություններն ու ծրագրերը, խոսքից գործին անցնելու վճռականությունը ճշգրտորեն համընկնում են մեր համալսարանի քաղաքականությանը, ներկա իրողություններին ու գործելակերպին։ Կասկած չկա, որ մենք հաջողություն գրանցելու լավ ռեսուրսներ ու հնարավորություններ ունենք համատեղ նախանշած աշխատանքների բոլոր ուղղություններում»,- ասաց պարոն Զաքոյանը։