Գյուղի նորարարական զարգացումն ըստ Վրոցլավի համալսարանի գործընկերների

Հոկտեմբերի 28-ին «Տոպասի» լսարանում Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի աշխատակիցների եւ ոչ միայն նրանց համար հետաքրքիր հանդիպում կայացավ Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի դասախոսներ դոկտոր Ստանիսլավ Մինտայի եւ դոկտոր Արկադիուս Դյակոնի հետ: Մեր գործընկերները ներկայացրեցին «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ «Գյուղական բնակավայրերում նորարարական տնտեսավարման ժամանակակից մոտեցումները» թեմաները:

Բանախոսները ներկայացրեցին ԵՄ աջակցությամբ իրականացվող Rubizmo նորարարական նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ Լեհաստանի գյուղական մի շարք շրջաններում տնտեսական ու սոցիալական լուրջ առաջընթաց է գրանցվել: Դոկտ. Դյակոնը եւ դոկտ. Մինտան լսարանին հաղորդակից դարձրեցին Rubizmo նախագծի հաջողությանը, որին իրենք հասել են գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական ներուժի օբյեկտիվ գնահատման, համարձակ տեսլականի եւ միջազգային փորձի ու գործելակերպերի վրա հիմնված սկզբունքների եւ գործիքների կիրառման եւ, անշուշտ, ֆինանսատեխնիկական նպատակային աջակցության շնորհիվ:

ՀԱԱՀ մասնագետների համար պարզ դարձավ, որ լեհ գործընկերների փորձը եւ Rubizmo-ի մոտեցումը միանգամայն կիրառելի է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման տեսակետից, այն է՝ նոր տեխնոլոգիաների եւ տնտեսության տարբեր ճյուղերի միջեւ սերտ համագործակցության միջոցով գյուղում ձեռներեցության եւ տնտեսական ակտիվության զարգացում: Սա ներառում է տնտեսության բազմազանեցումը, այդ թվում գյուղմթերքի արտադրությունից բացի նաեւ վերամշակում իրականացնելը եւ ագրոտուրիզմի տարբեր ձեւերի զարգացումը: Այս ամբողջ գործունեությունը, սակայն, ոչ միայն չպետք է վնասի բնությունը, այլեւ նպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը: Սեմինարը եւ ցուցադրված տեսաֆիլմերը առարկայական ձեւով երեւակեցին այն ճշմարտությունը, որ այսօր գյուղական շրջանների տնտեսական հզորացումը, ֆերմերի եկամուտների ավելացումը հնարավոր է եւ նույնիսկ կախված է բնության հետ ներդաշնակ գոյակցությունից:

Քննարկված թեմաները ուղիղ առնչություն ունեին մեր համալսարանի, որպես Հայաստանի գյուղատնտեսական կրթական, հետազոտական եւ խորհրդատվական ոլորտի առաջատար հաստատության, քաղաքականության եւ տեսլականի հետ: Դոկտ. Մինտան, դոկտ. Դյակոնը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, որ ամփոփեց հանդիպումը, այն համոզմունքն արտահայտեցին, որ երկու համալսարանների դասախոսներն ու հետազոտողները կարիք ունեն փոխայցելությունների միջոցով զարգացնել ավելի սերտ գործակցություն, քանզի դեմառդեմ հանդիպումներով է, որ ստեղծվում ու զարգանում են արդյունավետ գործակցություն եւ բարեկամական հարաբերություններ: Այս առումով պրոֆ. Ղազարյանը շատ բարձր գնահատեց լեհ գործընկերների այցը համավարակի այսօրվա աննպաստ պայմաններում: Ստանիսլավ Մինտան իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության այս հնարավորության համար, ասելով, որ իրենց այստեղ գտնվելու պատճառը Ագրարային համալսարանի իրենց գործընկերներն են՝ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը եւ պրոֆ. Ղազարյանը եւ որ իրենք այստեղ են համագործակցության շարունակության ակնկալիքով: