Գիտխորհրդի սեպտեմբերյան նիստն ամփոփեց նախորդ ուսումնական տարվա տարեկան հաշվետվությունները եւ ոչ միայն

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը նախ քննարկեց եւ հաստատեց 2025-2026 ուստարվա աշխատանքային պլանը։

Օրակարգային հիմնական հարցը ուսումնական ստորաբաժանումների 2024-2025 ուստարվա տարեկան հաշվետվությունների հաստատումն էր։ Ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենները հանդես եկան համապատասխան զեկուցումներով։ Դրանց առանցքում էին 2024-2025 ուստարվա ընդունելության տվյալները (ընդհանուր առմամբ՝ նախորդող ուստարվա համեմատ՝ դիմորդների եւ ընդունվածների թվի էական ավելացմամբ), ուսումնական պլաններում եւ առարկայական ծրագրերում արված փոփոխությունները, նոր կրթական ծրագրերը, աշխատանքային կիսամյակների արդյունքները, տարեկան դրույքային ծանրաբեռնվածությունները, դասախոսական կազմի վերապատրաստումները, ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները, ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների գործունեությունը։

Ուշագրավ արձանագրումներից էին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի մոտալուտ գործարկումը, Ագրոնոմիականում՝ լույս տեսած գիտական հոդվածների «առատ բերքը», Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում բակալավրիատից մագիստրատուրա անցման ոչ բավարար ցուցանիշները եւ այլն։ Ի դեպ, պարոն Զաքոյանը շնորհավորեց Հրաչյա Գրիգորյանին՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար նշանակվելու առթիվ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք։

Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարեւոր խնդիրների վրա։ Ուսանողների ինքնուրույն աշխատանքների որակի բարձրացման նպատակով նա առաջարկեց նախեւառաջ վերանայել դրանց թեմաները․ որոշ թեմաներ ժամանակավրեպ եւ անօգուտ են։ Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր յուրաքանչյուր ուսանողին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությանը․ բառի բուն իմաստով ինքնուրույն եւ որակյալ աշխատանք կարելի է ակնկալել միայն այն դեպքում, եթե տրվող առաջադրանքները համապատասխանում են ուսանողի կոնկրետ կարողություններին։ Աշխատանքային կիսամյակների՝ ընդհանուր առմամբ բարվոք համապատկերում ռեկտոր Զաքոյանը մատնանշեց դրանց ընթացքը ստվերող, փորձուսուցման այս ձեւաչափի բուն գաղափարախոսությանը չհարմարվող որոշ գործատուների հետ համագործակցությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Ընթացիկ հարցերի շարքում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը իրազեկեց, որ մեթոդխորհրդի նիստում ուսումնական պլանները քննարկել ու լրամշակվել են․ գիտխորհուրդը հաստատեց դրանք: Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը եւ մեր բուհից երկու հայտ է ներկայացվելու: Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Գարեգին Համբարձումյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել նոր կրթական ծրագրերով դասավանդողների մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: Իրավաբանական բաժնի պետ Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի ընտրության կանոնակարգը փոփոխվել – լրամշակվել է եւ համապատասխանեցվել ՀՀ համապատասխան օրենսդրական ակտերին: