Գիտխորհրդի՝ այս ուսումնական տարվա առաջին նիստը կայացավ սեպտեմբերի 2-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ քննարկվեց «Ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձը եւ դրանք բարելավելու կարիքները» թեմայով զեկուցումը, որով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Զեկուցողը գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց տեխնիկական ռեսուրսներին, ծրագրակազմերին եւ համակարգերին, ենթակառուցվածքերին եւ տեղեկատվական անվտանգությանը, մարդկային ռեսուրսներին առնչվող հարցեր՝ ներկայացնելով յուրաքանչյուր բաղադրիչի առումով ընթացիկ աշխատանքները, խնդիրները եւ պլանավորվող աշխատանքները։
Զեկուցումից պարզ դարձավ, որ 2019 թ․-ից գործող գիտելիքների ստուգման թեստային համակարգն այլեւս իր ուղին հարթել է եւ բնականոն ընթացքի մեջ է։ Վերջին մեկուկես տարում զգալիորեն բարելավվել են ենթակառուցվածքներն ու տեղեկատվական անվտանգությունը։ Կա գործնական պարապմունքների համար լսարանների պակաս, դրանց վերակահավորման եւ համակարգիչների նորացման անհրաժեշտություն։ Պարոն Մելքոնյանը շեշտադրեց դասախոսների շարունակական վերապատրաստումների անհրաժեշտությունը, սակայն նաեւ գոհունակությամբ նշեց, որ «ունենք ՏՏ-ից այլեւս չվախեցող դասախոսական կազմ»։
Ռեկտոր Ուռուտյանը գիտխորհրդի ուշադրությունը հրավիրեց ՏՏ գրագիտության եւ տեղեկատվական անվտանգության հարցերի վրա։ Ռեկտորից առաջարկ-հանձնարարական եղավ գործարկել լաբորատորիաների էլեկտրոնային կառավարման հարթակ, ինչպես նաեւ ներդնել լրացված իրականության եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ եւ զարգացնել տվյալների վերլուծության գործելակերպը՝ գործող հարթակներն առավել արդյունավետ դարձնելու համար։
Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա ընդունելության արդյունքների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ծանրաբեռնվածության վերաբերյալ հարցը։ Առկա համակարգ ընդունված դիմորդների աննախադեպ փոքր թվին, անշուշտ, ավելանալու են հեռակա համակարգից եւ քոլեջից եկող հարյուրավոր ուսանողները։ Ի դեպ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը շեշտադրեց այն համգամանքը, որ առկա համակարգում դիմորդների 80 տոկոսը չի հաղթահարել ընդունելության շեմը․ սա նշանակում է, որ Ագրարային համալսարան պիտի գան սովորելու ոչ միայն ցանկություն, այլեւ կարողություն ունեցող ուսանողներ։
Անդրադառնալով դիմորդների պակասի պատճառներին եւ լուծումներին, ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես, որպես լուրջ խնդիր նշեց դպրոցի տված գիտելիքների անբավարարությունը։ Իսկ ագրարային մասնագիտությունների գրավչության բարձրացման եւ լրացուցիչ խթանների ստեղծման վերաբերյալ մեր համալսարանի առաջարկած լուծումներից են դպրոցներում ագրոտեխնոլոգիական կողմնորոշմամբ դասարանների ստեղծումը, պետպատվերով ընդունված ուսանողների դրամական խրախուսումը եւ այլն։ Այսպիսի հարցերի լուծումն, անշուշտ, պետական մակարդակում պիտի լինի։ Համալսարանն իր հերթին կբարձրացնի մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետությունը՝ փոխելով դրանց մոդելը, ասաց պարոն Ուռուտյանը։
Քննարկվեցին նաեւ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդներից ստացված առաջարկությունները։ Այդ առաջարկությունների քննարկումները հանգեցրին հեռակա դեպարտամենտի՝ մինչեւ տարվա վերջ լուծարման եւ ուսանողներին ըստ մասնագիտությունների ֆակուլտետներին ինտեգրելու՝ գիտխորհրդի որոշմանը։ Կազմակերպչական-կառավարման նպատակահարմարությունից ելնելով, գիտխորհուրդը որոշեց նաեւ միավորել մի քանի ամբիոններ։