Գիտխորհրդի նոյեմբերյան նիստ․ «միջազգային» թեքում, ռազմավարական նոր փաստաթուղթ, պատվոգրեր հուսալի գործընկերներին

Գիտխորհրդի հերթական նիստը ռեկտոր Հրաչյա Զաքոյանը սկսեց ՀԱԱՀ 95-ամյակի կապակցությամբ գործընկերների՝ ագրոպարենային ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնելու հաճելի արարողությունից։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տարիների հուսալի գործընկերներին՝ կատարած «երկուստեք եւ երկրի համար օգտակար գործի համար, որ ցանկալի արդյունք է տալիս»։

Գիտխորհրդի 2025 թ․ սեպտեմբերի 4-ի նիստի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Օրակարգի հաջորդ հարցով զեկուցողը նույնպես պարոն Համբարձումյանն էր, քանզի հարցը վերաբերում էր 2024-2025 ուստարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերլուծությանն ու ամփոփմանը։ Ակնհայտ է, որ դեպարտամենտը հսկայածավալ աշխատանք է կատարել համալսարանի միջազգայնացման ուղղությամբ։ Միայն Էրազմուս + ծրագրի շրջանակում աշխատել է արտերկրի 44 գործընկեր համալսարանի հետ, կազմակերպել դասախոսների եւ ուսանողների միջազգային փոխանակման բազմաթիվ ծրագրեր, հաստատել կայուն միջազգային կապեր հատկապես ԵՄ երկրների համալսարանների հետ։ ՄԿԴ-ի ակտիվ դերակատարությամբ եւ առաջնորդությամբ իրականացվել են միջազգային մասշտաբային այնպիսի նախագծեր, ինչպիսիք են AFISHE-ն, LISS24-ը, VETFarm-ը, TGreen-ը։ Այս տարի մեր համալսարանում անցկացված միջազգային շաբաթը նույնպես, վստահաբար, բարձրացրել է համալսարանի միջազգային տեսանելիությունը։

Արտերկրի ավելի քան 40 գործընկեր համալսարանների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ վերապատրաստումների, դասավանդման եւ ուսումնառության ծրագրերի ընդլայման ու խորացման մեծ ներուժ կա, որը կարող է վերեբերել նաեւ համատեղ գիտական հետազոտություններին (ինչի մասին հարց բարձրացրեց դոցենտ Աշոտ Ոսկանյանը)։ Ռեկտոր Հրաչյա Զաքոյանի արձագանքը եղավ՝ կոնկրետ ստորաբաժանումների կարիքների գնահատման հիման վրա կազմել օտար լեզուներով վերապատրաստումների եւ դասավանդման ժամանակացույց եւ առաջիկայում հայտարարել մրցույթները։ Ռեկտորը հորդորեց առհասարակ բոլոր միջազգային ծրագրերի եւ նախագծերի առումով ջանքերն ուղղել գլխավոր հարցի պատասխանը գտնելուն՝ ինչ է շահում Ագրարային համալսարանը։

Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի 2026-2030 թթ․ ռազմավարական պլանը եւ գործողությունների պլան-ժամանակացույցը։ Նոր փաստաթղթով Ագրարային համալսարանի զարգացման ագրոտեխնոլոգիական ուղղվածությունը մնում է ռազմավարական նպատակ։ Ուշագրավ է, որ նախորդ ռազմավարական պլանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից թիրախավորված էր 14-ը (հիշեցնենք, որ 2024 թ․ ՀԱԱՀ-ն հայտնվել էր համալսարանների համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) հարթակի Ազդեցության վարկանիշային ցանկում,  ընդ որում հայաստանյան համալսարաններից միակն է, որ վարկանիշավորվել է 13 ԿԶՆ-ների գծով)։ Նոր ռազմավարական պլանով իրատեսորեն նախատեսված է  հասնել ԿԶ բոլոր նպատակներին։

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ դեկան Արման Սիմոնյանը։ Ընդհանուր առմամբ (միասնական համակարգով՝ առկա, հեռակա եւ քոլեջներից ընդունվածներ), ֆակուլտետի՝ այս ուսումնական տարվա համլրումը կազմել է 407 ուսանող։ Ընդունվածների մեծ թիվը առաջ է բերել, ռեկտորի արտահայտությամբ՝ «հաճելի գլխացավանք»՝ հաշվի առնելով լսարանային տարածքի պակասը, որը, սակայն, ճկուն կերպով հաղթահարվելու է։ Հունվարին՝ «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի ավարտին, լիարժեք կերպով կմեկնարկի ըստ էության արդեն գործող կենտրոնը, որն այժմ կահավորման վերջին փուլում է։ Ինչ վերաբերում է աշխատանքային կիսամյակների անցկացմանը, ռեկտոր Զաքոյանը եւս մեկ անգամ սկզբունքային գնահատական տվեց գործընկեր որոշ կազմակերպություններում ուսանողներին տրվող ուռճացված գնահատականների խնդրին եւ հրահանգեց պարզապես խզել պայմանագրերը այդպիսի ընկերությունների հետ։ «Գործակցությունը չի կարող շարունակվել անհուսալի գործընկերների հետ, որոնք չեն բաժանում որակյալ կրթություն ապահովելու եւ մրցունակ մասնագետներ պատրաստելու մեր արժեքները», – ասաց պարոն Զաքոյանը։

Օրակարգով նախատեսված էր նաեւ ՀԱԱՀ գիտական աշխատողների ատեստավորման կանոնակարգի հաստատումը, որը տեղի ունեցավ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի զեկուցմանը հաջորդած քննարկումից հետո։

Ընթացիկ հարցերի շարքում այս անգամ ներառված էին ասպիրանտի ատենախոսական թեմայի, ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիայի ԳՀ ինստիտուտի կանոնակարգի (զեկուցող՝ Հ․ Ծպնեցյան), ինչպես նաեւ Մեթոդական խորհրդով հաստատված՝ հեռակա բակալավրիատի՝ չորս ֆակուլտետների 14 կրթական ծրագրերի (հիմնականում բնագիտական առարկաների) ուսումնական պլաններում կատարված փոփոխությունների հաստատումը (զեկուցող՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյան)։ Ուսպլանների փոփոխության առնչությամբ ռեկտոր Զաքոյանն ասաց, որ նպատակը առաջին կուրսում մասնագիտական ուղղվածությունն ուժեղացնելն է։