Երեկ՝ մարտի 19-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգում առաջինը համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ բարելավման ուղիների մասին հարցն էր, զեկուցողը՝ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը։
Թեեւ հիմնանորոգումից հետո հանգստյան տանը գործում է նորարարական ուսուցման եւ վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնը, «Զարթոնքը» այս պահին թերբեռնված է․ պրոռեկտոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ 2025 թ․ հանգստյան տան ծախսերը գերազանցել են եկամուտները։ Պատճառներից մեկը հանգստյան տան հնարավորությունների մասին իրազեկվածության պակասն է, այդ թվում՝ բուն համալսարանի աշխատակիցների շրջանում։ Պարոն Հովհաննիսյանն առաջարկեց «Զարթոնքում» ուսանողների հանգիստը զուգակցել փորձուսուցումների հետ․ այնտեղ համապատասխան նորարարական ենթակառույցներ կան շատ մասնագիտությունների համար։ Համալսարանի այս կարեւոր ստորաբաժանման հետագա զարգացման նպատակով ռեկտոր Հրաչյա Զաքոյանն առաջարկեց 20-օրյա իրազեկման արշավ իրականացնել աշխատակիցների եւ ուսանողների շրջանում եւ ստացված առաջարկներն ամփոփել եւ բարելավման գործընթաց սկսել, որը կհանգեցնի հանգստյան տան գրավչության բարձրացմանը, սոցիալապես եւ տնտեսապես նպատակահարմար իրավիճակի երաշխավորմանը։
Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման գործընթացի վերաբերյալ օրակարգային հարցով զեկուցեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը։ Կենտրոնը հետազոտել եւ քանակական ու որակական վերլուծության է ենթարկել անձնակազմի որակավորման բարձրացման ընթացիկ քաղաքականությունը, գործիքները եւ ծրագրերը։ ՈԳԱ կենտրոնի կատարած հիմնավոր ուսումնասիրությունների դերը առանձնակի կարեւորություն են ձեռք բերում՝ հաշվի առնելով, որ 2026-ը Ագրարային համալսարանում հայտարարված է որակի բարձրացման տարի։ Հերթական հետազոտությունը վեր է հանել հետաքրքիր ու արժեքավոր տվյալներ թե´ օրինակելի եւ թե´ բացասական փորձի, արդյունավետությունը խոչընդոտող հանգամանքների, արդեն վերապատրաստված դասախոսների աշխատանքի արդյունավետության, դասավանդման վրա ազդող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, գիտական գործունեության միջազգայնացման գործում արձանագրված առաջընթացի վերաբերյալ։ Տիկին Դաշտոյանը խնդիրների լուծման գործուն առաջարկներ արեց, որոնցից մեկի՝ դասախոսների խրախուսման մեխանիզմին արձագանքելով՝ ռեկտոր Զաքոյանը նկատեց, որ ո´չ լավ եւ ո´չ էլ վատ աշխատանքը աննկատ չպիտի մնա։
Օրակարգային էր նաեւ ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ խնդիրների քննարկումը Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների ամբիոններում․ զեկուցեցին դեկանները։
Անասնաբուժաբուծականում ավելացել են մասնագիտական հարկաբաժիններ, թանգարանային հատվածը, ուսանողների՝ նեղ մասնագիտական փորձաքննություններ անցկացնելու սենյակը, լաբորատորիաները համալրվել են եւս մեկով, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ուսանողների կեսը զբաղված է (աշխատում է) ֆակուլտետի երկու կլինիկաներում, վերապատրաստման երեք կարճաժամկետ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ կենդանիների պատվաստողների, որին նաեւ ուսանողներ են մասնակցում։
Ագրոնոմիականում առկա համակարգում ընդունելությունը շարունակում է խնդիր մնալ, մինչդեռ հեռակայի համալրումը բարելավվել է։ Մագիստրատուրայում նվազել է կրթաթոշակ ստացողների թիվը, որը որակի կարեւորման հստակ ցուցիչ է․ ի դեպ, երկուսը սկսել են ստանալ գերազանցության թոշակ՝ 77 հազար դրամ (այլ ֆակուլտետներում էլ կան նման ուսանողներ)։ Դասալսումների, վերապատրաստումների, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ դեկան Տեր-Գրիգորյանի հրապարակած տվյալներից երեւաց, որ իրավիճակը բավականին լավ է։ Լուծման ենթակա խնդիրներից է դասախոսական կազմը երիտասարդ մասնագետներով համալրելը։
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում առկա խնդիրների մեջ դեկան Հրաչյա Գրիգորյանը մասնավորապես նշեց փորձուսուցումների վայրերի հեռավորությունը, գործատուի կողմից ուռճացված գնահատականները, երիտասարդ դասախոսների պակասը, լսարանների եւ աշխատասենյակների տեխվերազինման անհրաժեշտությունը։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ԲՄՎՏ եւ ԱՄՎՏ ամբիոններում նորօրյա լավ ավանդույթ է ձեւավորվել․ բացի համալսարանի սննդամթերքի լաբորատորիաներից, գործնական պարապմունքներն անցկացվում են նաեւ ոլորտի ձեռնարկություններում․ այս մասին հայտնեց դեկան Սմբատ Դավեյանը։ Խոսեց նաեւ ՄԿԾ-ների բարելավման աշխատանքների «հարահոսի», ավարտական աշխատանքների եւ թեզերի նախապատրաստական աշխատանքների մասին։
Ռեկտոր Զաքոյանը քննարկվող հարցերի եւ բարձրացված խնդիրների համատեքստում խոսեց, մասնավորապես, համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունների հետ ֆակուլտետների գործակցության շարունակական բարելավման, դրանց՝ վերջին տարիներին մեծապես հագեցած տեխնիկական կարողությունների օգտագործման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտության մասին (թեպետ այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա)։ ՈՒՓՏ-ներն այն վայրերն են, որտեղ ուսումնական եւ գործնական նպատակների համարկումը կարող է եւ պետք է լինի առավել օրգանական, ասաց պարոն Զաքոյանը։ Ինչ վերաբերում է առհասարակ խնդիրներին, այդ թվում ենթակառույցների արդյունավետ օգտագործման հարցում, ռեկտորը նշեց․ «Խնդիրները բարձրացնելուց հետո լուծումներին չենք սպասում, այլ համատեղ ենք գտնում դրանք»։
























