Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Պարոն Ուռուտյանը նիստը սկսեց ուսումնական նոր տարվա կապակցությամբ ներկաներին շնորհավորելով եւ մաղթելով աշխատանքային հաջողությունների եւ երկրի անվտանգության ու արժանապատիվ խաղաղության հանգրվանի հասնելու կամքի ուժ:
Քննարկումից հետո Գիտխորհուրդը հաստատեց ՀԱԱՀ գիտական աշխատողների որակավորման, ՀԱԱՀ–ում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու եւ ՀԱԱՀ բարեվարքության կանոնակարգերը՝ դրանցում արված փոփոխություններով: Այս հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը:
Պարոն Ծպնեցյանը գիտխորհրդի անդամներին նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը համալսարանում իրականացվում է գիտաշխատողների որակավորման գործընթաց: Այս կապակցությամբ ռեկտոր Ուռուտյանը հիշեցրեց, որ գործընթացի հիմքում կառավարության համապատասխան որոշումն է, որը միտված է գիտաշխատողների՝ ըստ ստեղծած գիտական արդյունքի վարձատրմանը:
Ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կանոնակարգը ընդունվեց կարեւոր փոփոխությամբ, այն է՝ որոշ ստուգարքներ վերահանձնումով չստանալը այլեւս խոչընդոտ չի հանդիսանա ուսանողի համար՝ շրջափոխմանը մասնակցելու հարցում, եթե ընդհանուր առմամբ հավաքել է կրեդիտների բավարար քանակ:
Գիտխորհուրդն այնուհետեւ քննարկեց եւ ընդունեց համալսարանի ուսումնական պլաններում կատարված փոփոխությունների հերթական «չափաբաժինը», ինչպես նաեւ՝ ՀԱԱՀ մեթոդական խորհրդի կողմից ներկայացված ուսումնական ձեռնարկների տպագրության երաշխավորման հարցը:
Հիմնական օրակարգի վերջին հարցը պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթի կազմակերպումն էր: Գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ եւ, ինչպես պարզվեց ձայները հաշվելուց հետո՝ ըստ էության առանց դեմ ձայների պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց տեխ. գիտ. դոկտոր Կարեն Կազումյանին եւ դոցենտի գիտական կոչում՝ գիտ. թեկնածուներ Արմեն Բաբայանին, Հասմիկ Սիմոնյանին, Լուսինե Չոբանյանին, Էթերի Ստեփանյանին, Թամարա Հարությունյանին, Արմինե Բաղդասարյանին:
Ընթացիկ հարցերի շրջանակում հաստատվեց գիտության թեկնածուի թեզի թեման՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտխորհդի որոշման հիման վրա: Հաստատվեց նաեւ Գերմանիայի Անհալթի համալսարանի հետ համատեղ ծրագրի թեման:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, խոսելով համավարակի արդեն չորրորդ փուլի մասին, տեղեկացրեց, որ առաջիկայում ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր է դառնալու, թեեւ պատվաստումը կշարունակի լինել կամավոր: Համալսարանում համապատասխան սենյակ կհատկացվի դասախոսների եւ ուսանողների պատվաստման համար: Ցավոք, վարակը «երիտասարդացել» է, եւ բացատրական աշխատանքները պետք է ակտիվացնել համալսարանի բոլոր ստորաբաժանումներում, հրահանգեց պարոն Ուռուտյանը:
Ռեկտորը խոսեց 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքների եւ մասնագիտական կողմնորոշման աշխատանքների բարելավման մասին: Հետաքրքիր փաստ է, որ այս տարի շատ ավելի մեծ թվով դիմորդներ ենք ունեցել, քան անցյալ տարի, բայց շատերը չեն հաղթահարել ընդունելության շեմը, եւ ի վերջո ուսանող է դարձել անցյալ տարվա թվին համարժեք թվով դիմորդ, ընդամենը մի քանի հոգով ավելի: Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ դպրոցների հետ աշխատանքներ կիրականացվեն սկսած սեպտեմբեր ամսից:
Ինչ վերաբերում է վերակառուցողական ծրագրերին, ինչպես պարզ դարձավ ռեկտորի հայտնած տեղեկությունից, դրանք մեծ թափով են ընթանում: Վերանորոգման-կառուցման ավարտական փուլում են միկրոգարեջրագործության, հացի ու հրուշակեղենի արադրամասերը, կենսատեխնոլոգիաների ինկուբատորը, Ագրոճամբարը (շահագործման կհանձնվի սեպտեմբերին) եւ այլն: Միջազգային գործընկերների աջակցությամբ ընթացքի մեջ են նաեւ Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերում հողի անալիզի լաբորատորիաների, Բալահովիտում Կաթնամթերքի վարպետաց դպրոցի (շարք կմտնի հոկտեմբերին), համալսարանի քոլեջների համար դուալ կրթության եւ այլ ծրագրեր: Վանաձորում շուտով շարք կմտնի անտառային տնկարանը:
Նիստի ավարտին պարոն Ուռուտյանը կոչ արեց թիմային աշխատանքով, պատասխանատվության զգացումով ու նոր եռանդով լծվել աշխատանքի: