Հուլիսի 18-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ USAID Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում իրականացվող #ԱնտիՓանձի նախաձեռնության երկրորդ` դասընթացների փուլը։ Այս մասին հաղորդում է հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը:
Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր համայնքներից ներգրավված շուրջ 25 երիտասարդներ։
Նախագծի հեղինակներից է Գիտելիքի նորարարական հաբի շահառու եւ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի բազմաթիվ ծրագրերի մասնակից Հայկ Զաքարյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նախագծի նպատակն է՝ նպաստել երիտասարդների ազատ ժամանակի ճիշտ կազմակերպմանը եւ ՏԻՄ կառուցվածքի եւ գործունեության մասին գիտելիքների զարգացմանը, ինչպես նաեւ ստեղծել միջոցներ երիտասարդներին համայնքային կյանքում ներգրավելու եւ համայնքում առկա խնդիրներում իրենց ձայնը ճիշտ տեղ հասցնելու համար՝ «ԱնտիՓանձի» խաղի միջոցով:
Դասընթացը վարում էր ՀԿ կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանը եւ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ Էդգար Քոչարյանը։
Մասնակիցները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացան ՏԻՄ կառուցվածքին եւ գործունեությանը։