Բարի ավանդույթի համաձայն, տարին սկսենք լավ լուրով. «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական ամսագիրը ստացել է ՄԱԿ-ի ՊԳԿ AGRIS (Գյուղատնտեսական գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) շտեմարանի տվյալների ակտիվ մատակարարի հավաստագիր-տարբերանշան: Հարկ է նշել, որ դեռեւս 2022 թվականից ամսագիրն ինդեքսավորված է այս հարթակում:
Վերջին 5 տարիներին գլխավոր խմբագրակազմի հետեւողական ջանքերով բազմաթիվ քայլեր են իրականացվել ամսագրի առաջխաղացման ուղղությամբ, մասնավորապես.
Պարբերականն ինդեքսավորվել է CrossRef միջազգային մատենագիտական համակարգում, եւ հրապարակվող հոդվածները կրում են թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI):
Խմբագիր-սրբագրիչները մասնակցել են հրատարակչական գործի վերապատրաստման դասընթացի, հարդյունս որի արդիականացվել է նրանց աշխատանքի մեթոդաբանությունը՝ ներառելով խմբագրական նոր գործիքակազմ՝ Armenian PowerSpell առցանց տեքստային խմբագրիչ:
2023-ի տարեսկզբին խմբագրությունը գործարկել է OJS (Բաց հասանելիության ամսագրեր) համակարգը, որի շնորհիվ 2019 թվականից ի վեր ամսագրի արխիվը՝ համապատասխան բաց հասանելիության միջազգային արտոնագրով (CC BY-NC 4.0), տեղակայված է նշված հարթակում, եւ ներկայում գիտական պարբերականի պաշտոնական էջը հասանելի է հետեւյալ հղմամբ. https://journal.anau.am/index.php/anau/issue/archive
Արձանագրենք, որ OJS hամակարգում էլեկտրոնային ամսագրի առկայության շնորհիվ գիտական հոդվածներն ինքնաշխատ եղանակով ներբեռնվում են Google Scholar որոնողական համակարգ, եւ յուրաքանչյուր հեղինակ հնարավորություն ունի սեփական օգտահաշվում դիտել h-գործակցի հաշվարկը: Համակարգի գործարկումը հնարավոր է դարձել ՏՏ կենտրոնի կազմակերպած դասընթացների եւ կենտրոնի մասնագետների հետ մինչ օրս շարունակվող սերտ համագործակցության շնորհիվ: Նույն թվականին իրականացվել է խմբագրական կոլեգիայի հայաստանյան անդամների ինտեգրումը ORCID (Հետազոտողների եւ ներդրողների բաց նույնականացուցիչ) համակարգին. https://orcid.org/։
2024 թվականից շարունակաբար իրականացվում է ամսագրում տպագրվող բոլոր հեղինակների տվյալների մուտքագրումը ORCID-ում, որի առիթով խմբագրությունը մեր հարգարժան գիտնականներին եւս մեկ անգամ հորդորում է այցելել ORCID-անհատական հարթակ եւ մուտքագրել իրենց բոլոր հրապարակումները, քանի որ դա ավելացնում է ոչ միայն մեր, այլեւ տարբեր այլ ամսագրերում հրապարակված հոդվածների դիտողականությունը եւ ապահովում հղումներ: Խմբագրությունում համոզված են, որ մեր հոդվածագիրներն արդարացիորեն կավելացնեն ամսագրի դիտողականությունը, եթե վարկանիշային ամսագրերում տպագրվող հոդվածների մեջբերվող գրականության ցանկում հղում տան «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականում հրապարակված իրենց հոդվածին:
Խմբագրությունը բանակցում է DOAJ (Ազատ մատչելիության ամսագրերի տեղեկատու) հարթակի թիմի հետ, որը ներառում է Springer, Wiley, Taylor & Francis եւ այլ միջազգային առաջատար հրատարակչություններ: Վերջինի ուղղորդումների համաձայն՝ ամսագիրը կառուցվածքով աստիճանաբար համապատասխանեցվում է միջազգային բարձր չափորոշիչներին: Տարեվերջին, հասանելիության շրջանակը ընդլայնելու նպատակով, բուհի ղեկավարությունը կնքել է 2 պայմանագիր ռուսաստանյան eLibrary (РИНЦ) եւ CyberLeninka միջազգային շտեմարանների հետ, եւ խմբագրությունում մեկնարկել են հոդվածների ներբեռնման աշխատանքները:
Ամսագրի պատասխանատու խմբագիրը պարբերաբար մասնակցել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիտորինգի կենտրոնի կազմակերպած դասընթացներին եւ արտերկրից հրավիրյալ մասնագետների փորձի փոխանակումներին, տարբեր շտեմարանների առցանց վեբինարներին, որոնց միջոցով ձեռք բերված գիտելիքները եւ հմտությունները կիրառվել են ի նպաստ ամսագրի առաջխաղացման: Մասնավորապես՝ ամբողջությամբ յուրացվել եւ շարունակաբար կիրառվել են տվյալների Zotero, Juris-M Standalone, CrossRef Metadata Manager բազաների թվայնացման, ինչպես նաեւ մշտապես գործարկվել հոդվածների եզակիության ստուգման ծրագիրը: Տարեվերջին ավարտվեց հրատարակչական բաժնի 5 աշխատակիցների եռամսյա վերապատրաստումը էլեկտրոնային հարթակի ծրագրավորման, լավարկման եւ սպասարկման աշխատանքների ուղղությամբ: Որպես վերապատրաստող հրավիրվել էր ամսագրերի առաջխաղացման փորձառություն ունեցող մասնագետ: Այս ընթացքում խմագրությունը յուրացրեց նաեւ արհեստական բանականության միջոցով ստեղծված պարբերությունների նույնականացման առցանց ծրագիրը:
Վերոհիշյալ գործողությունների արդյունքը արդեն տեսանելի է OJS համակարգում (պատկերապատճենը՝ այստեղ).
Ներկայում Google Scholar որոնողական համակարգում տեսանելի է վերջին 5 տարիներին «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» էլեկտրոնային գիտական պարբերականի 50 հղում:
Չնայած վերը նշվածին, ամսագրի առավել ընդգրկուն եւ արդյունավետ հանրահռչակումը մնում է կարեւորագույն առաջնահերթություն:
Ներկայացնենք 2020-ից մինչ օրս առկա վիճակագրությունը. ընդամենը՝ 18 հոդված արտասահմանյան 5 երկրից (ԱՄՆ, Իտալիա, Ուկրաինա, ՌԴ, Բելառուս): Պատկերի մաթեմատիկական գնահատումն այսպիսին է՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քանակ: Խմբագրությունը կարեւորում է արտասահմանյան հեղինակների ընդգրկվածության ավելացումը՝ մասնավորապես ակնկալելով մասնագիտական նպատակներով արտերկիր այցելող յուրաքանչյուր ագրարայինականի ակտիվ գործունեությունը գիտական պարբերականի հանրահռչակման գործում: Չէ՞ որ նրանք որոշակի իմաստով դիտարկվում են որպես մեր բուհի դեսպաններ:
Ինչ վերաբերում է հոդվածների գիտականությանն ու նորարարական բովանդակության ապահովմանը, որն ամրագրված է նաեւ պարբերականների նկատմամբ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի պահանջներում, ապա այն առաջին հերթին կախված է հեղինակների՝ հետազոտությունները պատշաճ կերպով ներկայացնելուց: Հոդվածների բովանդակության բարելավման կարեւոր գործոն է նաեւ գրախոսման գործընթացը: Ի դեպ, արդեն տեւական ժամանակ է, ինչ հոդվածները վերանայում է առնվազն երկու գրախոս, որ հանգեցնում է մի շարք բովանդակային փոփոխությունների: Վերջերս խմբագրությունը նաեւ վերանայել է հոդվածների ընդունման կարգը. այսուհետ ընդունվում են մինչեւ 15 A4 ձեւաչափի էջ (ներառյալ ամփոփագրերը) ծավալով հոդվածներ (հեղինակների ամբողջական ուղեցույցին ծանոթացեք կայքում):
Գիտական տարին մեկնարկել է, եւ խմբագրությունը բազում ծրագրեր ունի ամսագրի միջազգային ներգրավվածության ուղղությամբ, սակայն խմբագրության մեր գործընկերները փակագծերը մինչեւ վերջ չեն բացում, կարճ ձեւակերպելով. «Արված գործերի մասին քիչ ուշ կխոսենք»:
2019 թ-ից սկսած՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեն «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը ներառել է դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Այն Հայաստանի Հանրապետությունում միակ ամսագիրն է, որն ամբողջությամբ նվիրված է ագրոպարենային ոլորտի հիմնահարցերի լուսաբանմանը եւ դրանց գիտական լուծումների առաջադրմանը: