«Գինու բիզնես» միջազգային համաժողով եւ ամառային դպրոց

«Գինու բիզնես միջազգային ամառային դպրոցի»՝ հուլիսի 18-ին ՀԱԱՀ-ում տրված մեկնարկի նախoրյակին կայացավ նույն խորագրով միջազգային համաժողովը, որը նախաձեռնել էին Գերմանիայի Գայզենհայմի համալսարանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
Համաժողովը վերջին տարիներին մեր երկրում վերածնունդ ապրող գինեգործության ոլորտի շահակիցների համար սպասված հանգրվան էր՝ գնահատելու արդեն արձանագրված տպավորիչ արդյունքները եւ նախանշելու արդիական գիտելիքներով զինված մասնագետների չթուլացող պահանջարկը սպասարկելու հետագա հնարավորությունները։
Հայաստանում գինու, ներառյալ գինու բիզնեսի կրթական պահանջարկը բավարարող երկու հաստատությունների՝ ՀԱԱՀ-ի եւ մեր համալսարանում գործող Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ղեկավարները՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ տնօրեն Արթուր Գրիգորյանը, համաժողովի առանցքային բանախոսներից էին եւ ներկայացրեցին համալսարանն ու ակադեմիան։ Նրանց ելույթներին նախորդեցին Գայզենհայմի համալսարանի նախագահ Հանս Շուլցի (առցանց) եւ պրոֆեսոր Յոն Հանֆի ողջույնի խոսքերը։ Գերմանական գինու շուկայի զարգացումները ներկայացրեց պրոֆեսոր Հանֆը, իսկ հայաստանյան գինու ոլորտի վերջին զարգացումները՝ ԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Կլիմայի փոփոխության պայմաններում գինու արտադրության գործընթացի կենսափուլի գնահատումը ներկայացրեց Գայզենհայմից Մորից Վագները, իսկ «Գինու տուրիզմը որպես շուկայավարման գործիք» առանցքային թեմայով բանախոսությամբ հանդես եկան պրոֆեսոր Հանֆը եւ Իզաբել Կոթմանը։
Համաժողովի ավարտին Վարդան Ուռուտյանը, Արթուր Գրիգորյանը եւ Յոն Հանֆը իրենց ստորագրություններով վավերացրին եռակողմ համագործակցության գործող եւ Հայաստանում գինու կրթության եւ առհասարակ ոլորտի զարգացման բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած հուշագրի երկարաձգումը։
«Գինու բիզնես» խորագրով ամառային դպրոց առաջին անգամ է կազմակերպվում մեզանում, իսկ գինու կրթության ոլորտի եւրոպական առաջատար գործընկեր Գայզենհայմի համալսարանի 8 փորձառու մասնագետները, որոնց թվում մեր համալսարանի հին ու նվիրյալ բարեկամ Յոն Հանֆը, սիրով ու պատրաստակամորեն են ստանձնել ամառային դպրոցում դասավանդելու պարտավորությունը եւ իրենց փորձը հաղորդելու հայ գործընկերներին, որոնք գործող գինեգործներ, սոմոլյեներ, ուսանողներ եւ գինեսերներ են։
Ամառային դպրոցն ընդգրկում է գինու արտադրությանը, շուկայավարմանը եւ բիզնեսին առնչվող բազմազան հրատապ թեմաներ, ինչպիսիք են՝ շուկայական նոր հնարավորությունները, աշխարհագրական նշումը, ալկոհոլային խմիչքների վերաբերյալ առաջիկա միջազգային կանոնակարգումները, ձեռնարկչությունը գինու ոլորտում, գինու տուրիզմը, գինու բիզնեսի թվայնացումը, համագործակցությունը այդ ոլորտում, գինու կոոպերատիվները, հարակայունությունը ոլորտում եւ այլն։ Տեսական դասընթացը զուգակցվում է քննարկումներով, աշխատաժողովներով, այցելություններով գինեգործարաններ, ընդունելություններով, գինիների կույր համտեսներով։
ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանն այն կարծիքին է, որ Հայաստանում գինեգործության զարգացումը, որքան էլ այն գոհացուցիչ տեմպով ընթանա, չի կարող հաջողություն ունենալ մեկուսի, առանց միջազգային գործընթացների մաս կազմելու։
Ամառային դպրոցը կեզրափակվի ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին՝ մասնակիցներին համապատասխան հավաստագրեր հանձնելով։