«Շոկոլադագործություն» դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման՝ հունվարի 27-ին կայացած արարողությանը, որը զուգակցվեց կարիերայի ուղղորդման միջոցառման հետ, շոկոլադագործության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալել էինք նաև Հայաստանում միակ ագրոդպրոցի՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտներին։
ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում անցկացված դասընթացների տարբեր ժամանակների մասնակիցների ստեղծած շոկոլադները համտեսելուց առաջ աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու համալսարանում իրականացված բարեփոխումներին եւ ընձեռած կրթական հնարավորություններին։ Նրանք ոգեւորված էին այն ամենով, ինչ տեսան եւ լսեցին, այդ թվում՝ պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանից եւ Մարիամ Մովսիսյանից։ Գետաշենցի դպրոցականներն այդ օրը լավագույն հնարավորությունն ունեցան ճիշտ կողմնորոշվելու աշխատաշուկայում երբեք «չխամրող» եւ գնալով ավելի տեխնոլոգիահենք դարձող ագրարային մասնագիտությունների ընտրության հարցում։
Ագրոդպրոցի աշակերտները հաճույքով համտեսեցին բազմազան ու բազմապիսի շոկոլադները, հնարավորություն ունեցան զրուցելու դրանց հեղինակների հետ։ Նաեւ եզակի հնարավորություն ունեցան հարցեր տալու ոլորտի գործատուներին։ Իրենց հերթին սիրով բաժին հանեցին նաեւ ագրոդպրոցում սեփական ձեռքերով արտադրած բարիքներից։
Ագրոդպրոցի աշակերտների եւ համալսարանի միջեւ յուրահատուկ կապ ստեղծվեց, որին հետամուտ կլինի Կարիերայի եւ շարունակական կրթության բաժինը։ Սիրով սպասում ենք ագրոդպրոցից մեր ապագա դիմորդներին։